ԱԺ-ում արտահերթ նիստ է. Զոհրաբյանը կոչ է անում էքշընը նվազեցնելուն միտված նախագիծը քննարկել հետո, խոսել սահմանի վիճակից

ԱԺ-ում արտահերթ նիստ է. Զոհրաբյանը կոչ է անում էքշընը նվազեցնելուն միտված նախագիծը քննարկել հետո, խոսել սահմանի վիճակից

  • 30-07-2021 13:45:39   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ազգային ժողովում ընթանում է 7-րդ գումարման խորհրդարանի թերեւս վերջին նիստը: Արտահերթ այս նիստի օրակարգում հետեւյալ հարցերն են. «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին», «Կրթության մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին», «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում,  «Պետական սահմանի» մասին օրենքում, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում, Քրեական դատավարության և քրեական օրենսգրքերում փոփոխություններ կատարելու  նախագծերը:
 
Վերջին նախագծով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն առաջարկում են անձին ծանր վիրավորանք հասցնելու՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու դեպքում պատժել տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով (100 հազարից-500 հազար դրամ):
 
Եթե անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով կամ կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով (500 հազարից մինչև մեկ միլիոն դրամ):
 
Նույն արարքը, որը կատարվել է միևնույն անձի նկատմամբ, պարբերաբար պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով (1-3 միլիոն դրամ) կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով:
 
Նախագծում շեշտվում է՝ հանրային գործունեություն է համարվում անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտականությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը:
 
Որպես նիստի նախաձեռնողներից մեկը՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն ԱԺ ամբիոնից հիմնավորեց արտահերթի անհրաժեշտությունը: Նշեց, որ փորձում են ամփոփել 7-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքները, այնպես անել, որ կիսատ գործ չմնա, կիսատ ժառանգություն չթողնեն 8-րդ գումարման Ազգային ժողովին:
 
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, հանդես գալով մտքերի փոխանակության փուլում, ընդգծեց՝ սահմանային լարվածությունները հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են, Հայաստանի սահմանին անօդաչուներ են պտտվում, նախօրեին ինքը դիմել էր ԱԺ դեռեւս գործող նախագահին՝ առաջարկելով հրավիրել արտակարգ նիստ եւ քննարկել սահմանի իրավիճակը:
 
«Երբ որ ես ծանոթացա այսօրվա նիստի օրակարգին, հասկացա, որ իզյումինկան Քրեական օրենսգրքի փոփոխություններն են: Ես հասկանում եմ՝ ինչու է արվում, որովհետեւ նոր խորհրդարանում էքշընի եւ հայհոյանքի պակաս չի լինելու: Ես կարծում եմ եւ պնդում, որ պիտի անպայման հրավիրվի նիստ, հրավիրվի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, զինված ուժերի ղեկավար մարմինների ներկայացուցիչները, քննարկենք ստեղծված իրավիճակը: Առաջիկայում Մոսկվայում սպասվում են եռակողմ բավականաչափ բարդ բանակցություններ։ Ես չեմ ուզում, որ կրկնվի 44-օրյա պատերազմից առաջ և հետոյի իրավիճակը, երբ որևէ մեկը ոչինչ չգիտեր։ Հիմա իսկապես կոնսոլիդացվելու, միասնական լուծումներ գտնելու ժամանակն է թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ, որովհետև արդեն հայտարարվում է միասնական բանակ ունենալու մասին։ Իրապես գրագետ, համախմբված, ճիշտ քայլերով համախմբվելու ժամանակն է։ Մեր պետականությունը վտանգված է, սահմանները վտանգված են, ամեն օր Ադրբեջանը խախտում է գրավոր և բանավոր բոլոր պայմանավորվածությունները: Հրավիրենք այս նիստից հետո հրատապ նիստ, քննարկենք այդ կարևոր հարցը»,- հայտարարեց Զոհրաբյանը:
 
Վերջում կրկին վերադառնալով Քրեական դատավարության եւ քրեական օրենսգրքերում փոփոխություններին՝ հավելեց. «Ապագա խորհրդարանի էքշընները նվազեցնելու համար դուք ժամանակ կգտնեք: Հայհոյանքի քրեականացումը, կարծում եմ, դեռ կհասցնեք»:
 
«Իմ քայլը» խմբակցությունից Նազելի Բաղդասարյանը եւս անդրադարձավ սահմանի իրավիճակին: «Ոչ միայն խորհրդարանին, այլեւ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու մտահոգում է այն իրավիճակը, որ ունենք սահմանին: Հայաստանի իշխանությունները մտադիր են դիմել այնպիսի քայլերի, որոնք կապահովեն տարածաշրջանում անվտանգությունը եւ խաղաղությունը: Մենք մեր տարածքային ամբողջականության հարցում չունենք որեւէ զիջման ճանապարհ»,- ասաց նա՝ միջազգային գործընկերներին կոչ անելով դիմել գործուն քայլերի:
 
Սյուզաննա Պողոսյան
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը