«Պողպատի» թանկ գինը. ԵԱՀԿ ՄԽ դուռը Հայաստանի առջեւ կիսաբաց է

«Պողպատի» թանկ գինը. ԵԱՀԿ ՄԽ դուռը Հայաստանի առջեւ կիսաբաց է

  • 30-07-2021 17:26:30   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Lragir.am-ը գրում է. «Կորուստները ՀՀ սահմանին ԱԺ ընտրությունների՝ արդեն բոլորին հայտնի յուրահատկության գինն են: ՄԽ 29.07.21 հայտարարությունը դեռեւս թույլ է տալիս նվազեցնել «պողպատե մանդատի» համար Ռուսաստանին վճարվող տուրքը
 
Ճշմարիտ մնալու համար նշենք, որ «պողպատե» սցենարի այլընտրանքը քաղաքացիական բախումները պիտի լինեին, համենայն դեպս դա էին խոստանում Մոսկվայի մեդիա-քարոզիչները: Այդուհանդերձ, ետընտրական ծանր դրությունից ելքերի որոնումը շահառուների՝ պողպատե մանդատակիրների պատասխանատվությունն է: Սա ամենեւին չի նշանակում, որ պատասխանատվությունը հանվում է հանրության ակտիվ այլ հատվածների վրայից:
 
Կան արդյոք դրությունը Հայաստանի համար բարելավելու հնարավորություններ
 
ՄԽ հուլիս 29-ի հայտարարությունը տակավին դրանցից է: Պուտինի եւ Ալիեւի՝ Արցախի հակամարտության ավարտի թեզին հակառակ, հայտարարությունը հորդորում է «դեռեւս մնացող հիմնարար բոլոր հարցերի լուծում գտնել համանախագահների հովանու ներքո երկկողմ կոնսուլտացիաների միջոցով»:
 
Ֆրանսիայի եւ ԱՄՆ բազմիցս արտահայտած մասնավոր դիրքորոշումները, անշուշտ, նույնպես դրանցից են: Չմոռանանք, սակայն, որ Պետդեպը ակնարկել է ՀՀ անբավարար ներգրավվածությունը ՄԽ ջանքերին: Սա ամենեւին պատահական չէ եւ ուղղակի մատնանշում է Արցախի եւ ՀՀ սահմանների շուրջ ստեղծված իրավիճակի ակունքները:
 
ՌԴ ԱԳՆ պաշտոնական դիրքորոշումը եւս տեղ է թողնում մանյովրի համար: Սմոլենկան որոշ հեռավորություն է պաշտպանում նախագահ Պուտինի «ավարտված կոնֆլիկտ» թեզից եւ, ինչպես նկատել է մասնավորապես Լրագիրը, մեկ ոտքով մնում է ՄԽ միջնորդական ձեւաբանության տարածքում: Չի կարելի թերագնահատել նաեւ իրանյան ուղղությունը:
 
Ինչն է փոխվել Արցախի խնդրի եւ ՀՀ սահմանների շուրջ միջազգային դիրքորոշումների մեջ
 
Համեմատած 13.04.21 հայտարարության հետ, զգալի փոխվել է ՄԽ հանձնառության եւ հանձնարարության ընդգրկումը: Կարելի է իհարկե ասել, թե հայտարարությունների առիթները տարբեր են, սակայն դա ամենեւին սփոփիչ հանգամանք չէ: Հայկական կողմը թույլ է տվել դիվանագիտական դիրքերի շոշափելի զիջում:
 
Մինսկի խումբը այլեւս չի առաջադրում գաղափարային հիմք՝ Մադրիդյան բանակցային սկզբունքները եւ տարրերը, բավարարվելով հակամարտ կողմերի առաջնահերթությունների ճշգրտման կոչով: Խոսք չկա նաեւ Լեռնային Ղարաբաղի տարածք միջազգային առաքելությունների, այդ թվում ԵԱՀԿ ՄԽ անարգել մուտքի հանձնարարականի մասին: Ոչինչ չի ասված նաեւ եկեղեցիների յուրացման եւ ոչնչացման անթույլատրելիության մասին:
 
Որոնք են նահանջի պատճառները
 
2021-ի ապրիլից հուլիս միջակայքում տեղի են ունեցել ԱԺ ընտրություններ եւ դրանց անմիջապես առնչվող իրադարձություններ Հայաստանի խորհրդային սահմանին:
 
Ենթադրել, թե ռազմական ոչ պատշաճ հակադարձումը եւ սահմանների մի նոր բաժնի հսկողության հանձնումը օտար տերությանը պիտի ընդլայնեին ՄԽ հանձնառության ընդգրկումը եւ խստացնեյին հանձնարարությունը, իհարկե, միամտություն կլիներ: Նույնը վերաբերում է նախընտրական գործընթացը օտար տերության հրապարակային համակարգմանը հանձնելուն: Նույնքան միամիտ կլիներ այլ արձագանք ակնկալել ՀՀ ԱԳՆ փաստացի լուծարման փաստին եւ նախարարության շենք «քաղկոմիսարի» գործուղմանը:
 
Հայաստանի Հանրապետությունը միջազգային սուբյեկտության սանդղակի վրա մի քանի աստիճան իջել է: Այդպիսին է քաղաքացիական անդորրի, կամ «պողպատե մանդատի» գինը:
 
Իհարկե, ՄԽ հայտարարության հրապարակումը նշանակում է Արեւմուտքի շահագրգռությունը Ռուսաստանից Հայաստանի անկախությամբ: Սակայն, Արեւմուտքի դիրքորոշման դրական առաձգականությունը ենթարկվում է էքստրեմալ փորձության: Փաշինյանի կառավարությունը խաղում է մեծ ռիսկերի հետ, որոնք կարիք ունեն իսկական, այլ ոչ թղթե «պողպատի»՝ ինչը ակնհայտ բացակայում է:
 
Փաշինյանից հստակ նշան է պետք, որ հանուն ինքնիշխանության նա կարիք ունի իրական զորեղ մանդատի: Նշանի տեսքը տարբեր կարող է լինել. ներքին լսարանին հստակ ձեւակերպումներով ուղիղ եւ աներկբա դիմումից մինչեւ ԼՂՀ պաշտոնական ճանաչում: Անշուշտ, ռազմական կարողության արեւմտյան արդիականացմամբ: Մանդատը գրեթե 100 տոկոսանոց կլինի՝ ներկայիս իրականում 20-25-ի փոխարեն: Հակառակ դեպքում՝ ՄԽ հաջորդ հայտարարությունը, եթե այդպիսին լինի իհարկե, ավելի մեծ նահանջ է արձանագրելու»:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը