ՀՀ ԱԳՆ-ը ողջունել է Մինսկի խմբի մոտեցումները

ՀՀ ԱԳՆ-ը ողջունել է Մինսկի խմբի մոտեցումները

  • 30-07-2021 18:22:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ արտաքաին գործերի նախարարության մեկնաբանությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության վերաբերյալ. 
 
«Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մոտեցումները՝ վերսկսելու խաղաղ բանակցային գործընթացը, որոնք ներկայացված են նրանց հուլիսի 29-ին շրջանառված համատեղ հայտարարության մեջ։
 
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և համանախագահ երկրների բարձր ներկայացուցիչների նախորդ՝ մասնավորապես 2020թ․ դեկտեմբերի 3-ի և 2021թ․ ապրիլի 13-ին համատեղ հայտարարություններում հստակ ամրագրված են խաղաղ գործընթացի առաջնահերթ խնդիրները, որոնք կարող են հիմք ստեղծել բանակցությունների համար։  
 
Համանախագահների հայտարարությունը մեկ անգամ ևս փաստում է, որ տարածաշրջանային խաղաղության և անվտանգության բանալին ղարաբաղյան հակամարտության համապարփակ և տևական կարգավորումն է։
 
Մայիսի 12-ից սկսած Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների ներթափանցումը և վերջին օրերին ՀՀ պաշտպանական դիրքերի վրա հարձակումները հանգեցրել են իրավիճակի սրմանը։ Հայաստանը մշտապես հանդես է եկել իրավիճակի դե-էսկալացիայի դիրքերից և այս առնչությամբ կատարել է կոնկրետ առաջարկներ, մասնավորապես՝ հետ քաշել զինվորական ստորաբաժանումները մայիսի 11-ի դրությամբ առկա ելման դիրքեր։
 
Վստահ ենք, որ Ադրբեջանի գործողություններին հասցեական գնահատականը կնպաստի ստեղծված պայթունավտանգ իրավիճակի հաղթահարմանը»։
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն