Վրացական կողմի հետ քննարկվել է արագընթաց գնացքի գործարկման հնարավորության մասին, որը թույլ կտա Երևանից Թբիլիսի հասնել 2-3 ժամվա ընթացքում
30-07-2021 20:09:51 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Վրաստան կատարած այցի շրջանակում նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 29-ին հանդիպում է ունեցել Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթելա Տուրնավայի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
«Մեր երկրներն առանձին համեմատաբար փոքր շուկաներ ունեն, բայց միասին շատ ավելի գրավիչ կարող են դառնալ տարածաշրջանում։ Այս համատեքստում քննարկել ենք մի շարք համատեղ նախագծեր ենթակառուցվածքների, զբոսաշրջության, երկաթուղու և էներգետիկայի ոլորտներում», - նշել է Վահան Քերոբյանը։
Կողմերը խոսել են արագընթաց գնացքի գործարկման հնարավորության մասին, որը թույլ կտա Երևանից Թբիլիսի հասնել 2-3 ժամվա ընթացքում. արդյունքում կզարգանա զբոսաշրջությունը։
Գործընկերներն անդրադարձել են նաև երկու երկրների միջև գինեգործական տուրիզմի զարգացման հեռանկարներին։
????Աշխատանքային այցի շրջանակում հուլիսի 30-ին հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև փոխվարչապետ-բնապահպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի և Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Քարսելաձեի հետ։
Վրացի գործընկերների հետ քննարկվել են տարածաշրջանային համագործակցության, Վրաստանի տարածքով տարանցիկ փոխադրումների հետ կապված խնդիրներ, ինչպես նաև անդրադարձ է եղել գյուղատնտեսության բնագավառում համագործակցության հնարավորություններին։