Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԿԽՄԿ նախագահ Փիթըր Մաուերի հետ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԿԽՄԿ նախագահ Փիթըր Մաուերի հետ

  • 30-07-2021 21:10:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի նախագահ Փիթըր Մաուրերի հետ։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարությունից, Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ջանքերը Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց առնչվող խնդիրների հանգուցալուծման և տարածաշրջանում առկա մարդասիրական այլ հարցերի կարգավորման ուղղությամբ։ 
 
Որպես հրատապ խնդիր վարչապետի պաշտոնակատարը շեշտել է հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց շուտափույթ վերադարձի կարևորությունը։ Նիկոլ Փաշինյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից հայ գերիների նկատմամբ շինծու քրեական գործեր հարուցելով դատական գործընթացներ սկսելու փաստի, գերության մեջ պահվող անձանց ճշգրիտ թիվը թաքցնելու հանգամանքի վրա։ 
 
Նիկոլ Փաշինյանն անթուլատրելի է համարել Ադրբեջանի գործելակերպը՝ համարելով այն միջազգային հումանիտար իրավունքի ակնհայտ և կոպիտ խախտում։
 
Պարոն Մաուրերը հավաստիացրել է, որ իր ղեկավարած կազմակերպությունը կշարունակի գործադրել բոլոր ջանքերը` հումանիտար բնույթի  խնդիրների կարգավորման ուղղությամբ։
 
Զրուցակիցները կարևորել են երկու կողմերի միջև ինստիտուցիոնալ հիմունքներով համագործակցության ամրապնդումն ու խորացումը։ Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ գոյություն ունեցող կապերն ակտիվացնելու և շփումները պարբերական դարձնելու ուղղությամբ։
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն