Վազգեն Թևանյան. փոքր տարիքից ընտրեց ծանր աշխատանքը և ամենօրյա մարզումների միջոցով մոտենում է իր երազանքին

Վազգեն Թևանյան. փոքր տարիքից ընտրեց ծանր աշխատանքը և ամենօրյա մարզումների միջոցով մոտենում է իր երազանքին

  • 31-07-2021 10:46:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հայաստանի օլիմպիական հավաքականի կազմում է ազատ ոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը։ 21-ամյա Վազգենը ծնվել է Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում: Նա Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի սան է, մարզադպրոց, որը սպորտային լավագույն ավանդույթների կրող է, այստեղ են մարզվել ու դաստիարակվել Եվրոպայի և աշխարհի առաջնությունների բազմաթիվ մրցանակակիրներ։  
 
65 կգ քաշային կարգում հանդես եկող կարգում Վազգեն Թևանյանը Հայաստանի ամենահեռանկարային ազատ ոճային ըմբիշներից է և օլիմպիական հույսերից մեկը։ 
 
Վազգենի մարզական կենսագրությունը տպավորիչ է. նա 2015թ․ պատանիների Եվրոպայի չեմպիոն է, 2018թ․ երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ 2019-ին նվաճել է մինչև 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոնի կոչումը։ 2020-ին կորոնավիրուսի համաճարակի պատճառով հետաձգված մեծահասակների աշխարհի առաջնությանը փոխարինած աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում նվաճել է ոսկե մեդալ և իր քաշային կարգում դարձել է աշխարհում ուժեղագույնը: Այս տարի Բուդապեշտում տեղի ունեցած ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում Վազգեն Թևանյանը եզրափակչում վստահ հաղթանակ տարավ ադրբեջանցի Հաջի Ալիևի նկատմամբ։ 
 
Վազգեն Թևանյանի անձնական մարզիչն է Ռաֆիկ Գոլեցյանը։ Վերջինս նշում է, որ իրենց երազանքն է Հայաստանին պարգևել օլիմպիական չեմպիոն ազատ ոճի ըմբշամարտում։ «Հայաստանի Հանրապետության և Խորհրդային Հայաստաանի պատմության մեջ ազատ ոճի ըմբշամարտում օլիմպիական չեմպիոններ չենք ունեցել։ Եվ Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի լավագույն բարեկամներից մեկի՝ Շահեն Մելիքյանի հետ վերջին տարիների համատեղ աշխատանքն այս նպատակին է ուղղված»,- ասում է Ռաֆիկ Գոլեցյանը։   
Ծնունդով Արտաշատից, այժմ Մոսկվայում բնակվող Շահեն Մելիքյանը, ում պապը՝ Հայաստանի վաստակավոր մարզիչ Կարպուշ Մելիքյանը, Արտաշատի մարզադպրոցի ստեղծման ակունքներում է կանգնած, մշտապես դպրոցի կողքին է՝ պատրաստ աջակցելու չեմպիոններ կերտող այս կենտրոնին։ Շահեն Մելիքյանն ասում է, որ Արտաշատի մարզադպրոցն իր համար ուժի կենտրոն է։ «Մարզիչների նվիրվածությունն իրենց գործին և տղաների՝ ազգային հավաքականի անդամներից մինչև սպորտով զբաղվող փոքր երեխաներ, նպատակասլաց աշխատանքը վարակիչ է։ Աշխարհի եռակի չեմպիոն Հաջի Ալիևի նկատմամբ Վազգենի հաղթանակը մեծ հետաքրքրություն առաջացրեց հանրության և լրատվամիջոցների մոտ։
 
Սակայն ես կցանկանայի, որպեսզի Վազգենին և տաղանդավոր մեր մյուս մարզիկներին վերաբերվեին ոչ միայն որպես թշնամի հսկաների հաղթած հերոսների, այլ ընդօրինակեին նրանց վարքը։ Վազգենը գերպատասխանատու, աշխատասեր և դաստիարակված մարդ է. նա փոքր տարիքից ընտրեց ծանր աշխատանքը և այդ ընտրությունն անելով՝ ամեն օր մարզումների միջոցով քայլ առ քայլ առաջ է ընթանում, որպեսզի մոտեցնի իր երազանքը»,- ասում է Շահեն Մելիքյանը։
 
Ընդամենը մի քանի օրից Վազգեն Թևանյանը դուրս կգա մրցագորգ՝ օլիմպիական հաղթանակ պարգևելով մեր երկրին ու իր օրինակով ոգեշնչելով ու բարձունքների մղելով Հայաստանի փոքր անկյունի՝ Արտաշատի պատանիներին։ 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն