«Ընտանիք» ԲՀԿ-ի և «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամի ջանքերով 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների զավակները Լեհաստանում են


«Ընտանիք» ԲՀԿ-ի և «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամի ջանքերով 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների զավակները Լեհաստանում են

  • 31-07-2021 16:49:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

44-օրյա պատերազմից հետո Արցախից Շիրակի մարզում ապաստանած և Արցախյան պատերազմում զոհվածների ու ծանր վիրավորումներ ստացածների ընտանիքներին աջակցելու համար «Ընտանիք» բարեգործական  կազմակերպությունը թակեց տարբեր դռներ։ Մեկնած ձեռքը սիրով ու պատրաստակամությամբ սեղմեց ֆրանսիական Œuvre d’Orient կազմակերպությունը, որի օժանդակությամբ «Ընտանիք»-ը ստանձնեց վերոնշյալ ընտանիքների սոցիալական օժանդակության ծրագրի իրականացումը, նպատակ ունենալով գոնե ժամանակավորապես լուծել նրանց կենսական հարցերը, տեղեկանում ենք կազմակերպությունից: 
 
Ծրագրի շահառու ընտանիքներից շատերը կորցրել էին ոչ միայն տարիների ընթացքում իրենց ստեղծածը, այլև ապրելու համար այնքան կարևոր հույսը ու նվիրական երազանքները։ Ընտանիքներում կային զոհված անդամներ, անհետ կորածներ, հաշմանդամ ու անգործունակ դարձած ընտանիքի հայրեր․ անորոշություն և դառը հիշողություններ, որոնց մասին խոսելիս մարդիկ հազիվ էին կարողանում կոկորդում խեղդել արցունքները։ 
Այս ընտանիքների երեխաների համար սթրեսից ազատելու նպատակով ըստ նախասիրությունների կազմակերպվեց բազմաթիվ կրթամշակութային, հոգևոր միջոցառումներ և մասնագիտական դասընթացներ, տարատեսակ խմբային ինտելեկտուալ և ժամանցային խաղեր: Հայաստանի պատմանշակութային վայրեր էքսկուրսիաների միջոցով ապահովվեց դեռահասների առօրյա նպատակային զբաղվածությունը՝ գոնե կարճ ժամանակով մոռացության մատնելով նրանց վատագույն հիշողություններն ու ծանր ապրումները։ 
 
Անդրադառնալով ծրագրին «Ընտանիք» ԲՀԿ  նախագահ,  հոգեվանական գիտությունների թեկնածու Քնարիկ Ահարոնյանը ասում է, որ  խնդիրն ավելի խորքային վերլուծություն ու գործուն քայլեր է պահանջում․«Հայր կորցրած ընտանիքի մթնոլորտը  միջին  տարիքի երեխաների համար խոր հետք կթողնի ամբողջ կյանքի ընթացքում, հետևաբար միայն սոցիալական աջակցությունը խնդրի խորքային լուծում չէ»։
 
Դեռ վաղ հասակում կյանքի ամենադաժան փորձությունների ենթարկված դեռահասների համար  «Ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպությունն ու  «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամը, իրենց  պարտքը համարեցին համատեղ աշխատանքով՝ նպաստել երեխաների հոգեբանական վերականգնմանը:
Դեռ վաղ հասակում կյանքի ամենադաժան, փորձությունների ենթարկված, «Ընտանիք»  կազմակերպության շահառու և շիրակցի դեռահասների ծանր ապրումները մի փոքր  թոթափելու նպատակով  «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամի և Լեհաստանում «Հայկական հիմնադրամի»  նախաձեռնությամբ հուլիսի 19-ին 18 երեխաներ երկշաբաթյա այցով հատուկ չվերթով մեկնեցին Լեհաստան, որին աջակցեցին Լեհաստանի պաշտպանության նախարարությունն ու  Ազգային Ժողովը ։
 
Խմբի շրջագայությունը սկսվեց Էլբլոնգ քաղաքից, որտեղ նրանք այցելեցին սուրբ Նիկոլաս եկեղեցին, հանդիպեցին Էլբոնգի եպիսկոպոս Յացեկ Յեժերսկուն, ինչպես նաև  Կարիտաս բարեգործական կազմակերպության տնօրեն քահանա Վոյչեխ Բորովսկուն։
 
Սուրբ Գեորգի եկեղեցու բակում նրանք ծանոթացան հայկական համայնքի կողմից հայոց ցեղասպանության զոհերի  հիշատակին նվիրված խաչքարի տեղադրման պատմությանը, որը նրանց ներկայացրեց հայ ազգի բարեկամ Էլբլոնգ քաղաքի նախագահի միջազգային կապերի գծով խորհրդական Զբիգնև Շմուռլոն, այնուհետև նրանց սպասում էր լեհական Գդանսկ քաղաքը՝ պատմամշակութային ու ժամանցային հրաշալի վայրերով։
Հագեցած օրերը Լեհաստանում շարունակվեցին Մալբորգի միջնադարյան Տեյտոնկան ամրոցում, կազմակերպվեցին բազմաթիվ արշավներ ու ժամանցային խաղ-մրցույթներ։
 
Հաջոր կանգառը Գդինիա քաղաքն էր, այնուհետր մայրաքաղաք Վարշավան։ Երեխաներն այցելեցին Լեհաստանում Հայսատանի դեսպանատուն։ Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանը ողջունեց երեխաներին, նրանց մաղթեց կամք հաղթահարելու դժվարությունները, գիտելիքների մեծ պաշար՝ որպես սեփական կյանքի և ազգի բարօրությանն ուղղված մեծ ներդրում, հավատ լավագույն ապագայի նկատմամբ։ 
 
Տպավորիչ այցերը շարունակվեցին դեպի  Լեհաստանի հանրապետության Սեյմ, որտեղ խմբին հանդաիսավոր արարողությամբ դիմավորեց Սեյմի փոխնախագահ տիկին Մալգոժատա Գոշեվսկան։ Նա ողջունեց երեխաներին, ցուցադրեց իր աշխատասենյակը, խորհրդակցությունների սենյակում հայտնեց իր ուրախությունը երեխաների այցի կապակցությամբ, նրանց հանձնեց նվերներ, կազմակերպեց ուսումնական էքսկուրսիա Սեյմում և հրավիրեց ճաշելու։ 
Ծրագրի մասնակից  Հովհաննեսի  մայրը՝ Լուսինե Գաբրիելյանը մեզ հետ զրույցում հայտնելով իր գոհունակությունը կազմակերպչական բարձր մակարդակի մասին, ասաց, որ իրենք որքան էլ ցանկանան երեխաների համար ուրախ մթնոլորտ ստեղծել, չեն կարող․ «Կազմակերպված ճամփորդությունը իմ երեխայի աչքերին լիարժեք ժպիտ բերեց», ասաց Լուսինեն։
 
Այցի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կտրամադրենք երեխաների վերադարձից հետո։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն