Առողջ ապրելակերպի իրազեկում երեխաների համար

Առողջ ապրելակերպի իրազեկում երեխաների համար

  • 31-07-2021 17:45:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ` իրականացվել են առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված իրազեկման աշխատանքներ զոհված, հաշմանդամություն ունեցող զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու անապահով բազմազավակ ընտանիքների` 7-13 տարեկան 1600 երեխայի համար` պետության կողմից կազմակերպված թվով 6 ճամբարում: Այս մասին տեղեկանում ենք ԱՆ-ից: 
 
Առողջապահության նախարարության աշխատակազմի, «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի», «Առողջապահության ազգային ինստիտուտի» մասնագետները, կամավորներ այցելել են երեխաներին, զրուցել առողջ սնվելու, ընդհանուր հիգիենայի, այդ թվում` ձեռքերի ճիշտ լվացման և բերանի խոռոչի հիգիենայի կանոնների, ինչպես նաև ծխախոտի երկրորդային ծխի վտանգների մասին: 
 
Իրազեկման աշխատանքներն անցկացվել են դասընթացների, տեսանյութերի ցուցադրման և ակտիվ քննարկումների ձևաչափով:
 
Միաժամանակ, ճամբարների տնօրեններին տրամադրվել են պաստառներ և ծխելու արգելքի մասին ազդարարող ցուցանակներ:
 
Նշենք, որ աշխատանքները լինելու են շարունակական. հետագայում նախատեսվում է այս ծրագիրն իրականացնել երկրորդ հերթափոխով ճամբարներ այցելող` 7-13 տարեկան ևս 1600 երեխայի համար:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն