Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Արմեն Շեկոյանի հոգեհանգստի արարողությանը

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Արմեն Շեկոյանի հոգեհանգստի արարողությանը

  • 31-07-2021 20:05:05   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում մասնակցել է գրող, բանաստեղծ, արձակագիր, լրագրող Արմեն Շեկոյանի հոգեհանգստի արարողությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: 
 
Հուլիսի 29-ին կյանքից հեռացել է գրող, բանաստեղծ, արձակագիր Արմեն Շեկոյանը:
 
Շեկոյանը ծնվել է 1953 թվականի մարտի 28-ին: 1974 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը:
 
1985 թվականին սովորել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներում։
 
Աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտում, իսկ 1976-1990 թվականներին՝ «Ծիծեռնակ» ամսագրում, գրականության ինստիտուտում, «Սովետական գրող» հրատարակչությունում, ՀՀ մշակույթի նախարարությունում: 1990-1992 թթ.  եղել է «Նաիրի» հրատարակչության գլխավոր խմբագիր, 1992-1997 թթ.՝  Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի տնօրենը։
 
Հայտնի են Շեկոյանի «Մետաքսի ճանապարհ», «Երևան-հյուրանոց», «Անտիպոեզիա», «Թուղթ ու գիր», «Բախտ», «Ճոճք», «Ճամփորդ արևը», «Անձրև, անձրև, մի արի» և այլ գրքեր: «Հայկական ժամանակ» վեպի հեղինակն է:
 
Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ուկրաիներեն, էստոներեն, ռուսերեն և չեխերեն։
 
Արժանացել է Հայաստանի գրողների միության Ավետիք Իսահակյանի անվան մրցանակի, ստացել է «Մովսես Խորենացի» մեդալ:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն