Ուղեղի գերազանցության կենտրոնի ստեղծման ճանապարհին


Ուղեղի գերազանցության կենտրոնի ստեղծման ճանապարհին

  • 02-08-2021 11:23:07   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում միջազգային չափանիշներին համապատասխան գիտահետազոտական և կրթական կենտրոն է ստեղծվում։ 
 
Կենտրոնը կարող է դառնալ հիմնարար գիտության զարգացման գերազանցության հարթակ և մրցունակ լինել եվրոպական նմանատիպ լավագույն լաբորատորիաների հետ։ Կենտրոնի ստեղծումը կնպաստի բուհի ռազմավարության և գիտության զարգացմանն ուղղված հայեցակարգի իրականացմանը, ինչպես նաև նեյրոգիտության ոլորտում նորարարական հետազոտությունների զարգացմանը:
 
Հայաստանի բարձրագույն կրթության «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» (ՆՄՀ) աշխատանքների համատեքստում ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի ներկայացուցիչները դրամաշնորհային ծրագրի  մշտադիտարկում են իրականացրել բուհում: 
ԵՊԲՀ-ի գիտության գծով պրոռեկտոր, դրամաշնորհային ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը ներկայացրել է կատարված աշխատանքը, ինչպես նաև մանրամասնել ծրագրից ակնկալվող արդյունքները և հետագա նպատակները։ Նրա խոսքով՝ Երևանի պետական բժշկական համալսարանի գիտական առաջնահերթությունների շարքում իր ուրույն տեղն է զբաղեցնում նեյրոգիտությունը, որն այժմ աշխարհում առանձնակի թափով է զարգանում։
 
«Մեր համալսարանի հետազոտական նպատակների շարքում առանձնանում է Ուղեղի հետազոտությունների գերազանցության կենտրոնի հիմնադրումը, որը միտված է լինելու ուղեղի քրոնիկ հիվանդությունների կանխարգելման և ողջ կյանքի ընթացքում ուղեղի առողջ կենսագործունեության ապահովմանը: Ուղեղի հետազոտությունների ոլորտում ազգային մրցունակություն ապահովելու և գերազանցության հասնելու նախաձեռնության համար մշակվել է ընդգրկուն ծրագիր, որի իրականացման համար այս նախագիծը վճռորոշ մեկնարկ է»,- նշել է պրոռեկտորը և հավելել, որ ԵՊԲՀ դրամաշնորհային ծրագրի հիմնական խնդիրն է ուղեղի հետազոտությունների խթանման միջոցով զարգացնել համալսարանի հետազոտական և նորարարական կարողությունները՝ շեշտը դնելով ուղեղի հիվանդությունների բուժման բջջային և դեղորայքային նյարդապաշտպան մեխանիզմների վրա: 
 
«Ծրագրի արդյունքում համալսարանում կխթանվի գիտական համագործակցության դաշտը, և կզարգանան մարդկային ռեսուրսներն ու հետազոտությունների մեթոդոլոգիական կարողությունները՝ հիմնարար և տրանսլիացիոն նեյրոգիտության մեջ իրականացվելիք գերազանցության և նորարարական ծրագրերին ընդառաջ»,- շեշտել է  պրոռեկտորը:
 
Նրա հավաստմամբ՝ պահեստավորված են արդեն իսկ մատակարարված գրասենյակային և լաբորատոր կահույքը, համակարգչային տեխնիկան, լաբորատոր սարքավորումների մի մասը և գրենական պիտույքները: Ըստ դրամաշնորհային ծրագրի ղեկավարի՝ դրանք նախատեսված տարածքներում կտեղադրվեն կենտրոնի կառուցումից հետո: 
 
Նշենք, որ բուհի տրամադրած տարածքներում դեռևս ընթանում են համապատասխան շինարարական աշխատանքները: Այս փուլում հաստատվել են կենտրոնի կանոնակարգը, կառուցվածքը և հաստիքացուցակը, ինչը չափազանց կարևոր է ծրագրի շարունակականության ապահովման տեսանկյունից: 
 
Հավելենք, որ ստեղծվող կենտրոնի հնարավորություններն ուսումնական գործընթացում լավագույնս կիրառելու նպատակով դրամաշնորհային ծրագրի այս փուլում իրականացվել է նաև համապատասխան կրթական բովանդակության ստեղծում: Դրամաշնորհային ծրագրի համակարգողի հավաստմամբ՝ մի շարք քայլեր են ձեռնարկվել նաև ԵՊԲՀ-ի կրթական գործընթացի բովանդակության արդիականացման ուղղությամբ:
 
Մասնավորապես, մշակվել և բուհի գիտակոորդինացիոն խորհրդի նիստում հաստատվել են ուսանողների, մագիստրանտների, ասպիրանտների, հետազոտողների, հետդիպլոմային կրթության համար երկլեզու ուսումնական ձեռնարկի, ոլորտում աշխատող մասնագետների համար կարողությունների զարգացման ուղղությամբ վերապատրաստման ուսումնամեթոդական ձեռնարկի, ինչպես նաև կենտրոնի մասին տեղեկատվական ձեռնարկի նախնական տարբերակները։ Ընթացքում են ուսանողների, օրդինատորների, ասպիրանտների և մասնագետների համար ուսումնամեթոդական ծրագրերով պիլոտային ծրագրերի իրականացման աշխատանքները:
 
Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում ՆՄՀ դրամաշնորհներ են տրամադրվել 6 բուհերի:
 
ՀՀ ԿԳՄՍՆ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն