Հայտնի են ԱԺ նախագահի պաշտոնի թեկնածուները. «Պատիվ ունեմ»-ի թեկնածուն «Հայաստան» դաշինքից է


Հայտնի են ԱԺ նախագահի պաշտոնի թեկնածուները. «Պատիվ ունեմ»-ի թեկնածուն «Հայաստան» դաշինքից է

  • 02-08-2021 12:52:42   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Արմենպրես. Ութերորդ գումարման Ազգային ժողովի երեք խմբակցություններն առաջադրեցին ԱԺ նախագահի պաշտոնի իրենց թեկնածուներին:
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ առաջին նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ներկայացրեց ՔՊ-ի՝ ԱԺ նախագահի թեկնածուին: «ՔՊ-ն ԱԺ նախահագահի թեկնածու է առաջադրում Ալեն Ռոբերտի Սիմոնյանին»,- ասաց նա:
 
«Հայաստան» դաշինքից Սեյրան Օհանյանը հայտնեց, որ խմբակցության անունից ԱԺ նախագահի թեկնածու են առաջադրում Մխիթար Զաքարյանին:
 
«Պատիվ ունեմ»-ից Արթուր Վանեցյանն էլ հայտնեց, որ «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից ԱԺ նախագահի պաշտոնին է ներկայացվում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Սարգսյանը:
 
«Հայաստան» դաշինքից Արծվիկ Մինասյանը, թեկնածուին ներկայացնելիս, իր ելույթում ասաց. «Խմբակցությունը ներկայացրեց Մխիթար Զաքարյանի թեկնածությունը ոչ միայն այն պատճառով, որ մենք այսօր այս պահին ունենք Սահմանադրության և ԱԺ կանոնակարգ օրենքով նախատեսված իրավունքի հիմնարար ոտնահարման փաստ՝ առ այն, որ Զաքարյանը, ընտրված լինելով ԱԺ պատգամավոր, այսօր բացակայում է այս դահլիճից՝ ոչ իր կամքով, այլ գտնվում է ապօրինի անազատության մեջ»:
 
Նա հավելեց, որ հետևողականորեն պայքարելու են իրենց ընկերների ազատության համար:
 
ԱԺ նախագահ ընտրվում է գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Մինասյանը շեշտեց, որ գործ ունեն մի անձի հետ, որ Արցախի պատերազմի առաջին օրվանից կանգնած է եղել հայրենիքի պաշտպանության առաջին գծում:
 
Արթուր Սարգսյանը կալանավորվել է հուլիսի 18-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով  (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը): 
 
Մխիթար Զաքարյանը կալանավորվել է հուլիսի 13-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը):
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը