Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին


Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

  • 02-08-2021 17:23:56   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

 
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ: Ինչպես տեղեկանում ենք ԱՀ նախագահի գրասենյակից, ուղերձում, մասնավորապես, ասված է. 
 
«Հարգելի՛ պարոն Փաշինյան, 
ՀՀ վարչապետի պաշտոնը Դուք ստանձնում եք Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համար բախտորոշ ժամանակաշրջանում: Հայկական պետականությունը կանգնած է մեծամեծ մարտահրավերների առջև, որոնք հաղթահարել կարող ենք միասնությամբ՝ համախմբելով բոլոր կարող ուժերը: 
 
Պատերազմի հետևանքով խարխլված անվտանգային ու արտաքին քաղաքական դիրքերը ամրացնելու, ներքաղաքական ու տնտեսական կայունություն ապահովելու հարցում ՀՀ նոր կառավարությունը մեծ անելիքներ ունի: Համոզված եմ, որ ՀՀ իշխանությունները հաջողելու են միջազգային հարաբերություններում­ ՀՀ դերի ու վարկի բարձրացման հարցում և շարունակելու են հետևողական ու արդյունավետ աշխատել արցախահայության իրավունքների պաշտպանության, պատերազմի հետևանքների վերացման և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ՝ էլ ավելի խորացնելով հարաբերությունները երկու հայկական հանրապետությունների միջև՝ հանուն մեր համազգային իղձերի իրականացման: 
 
Հաջողություն եմ մաղթում Ձեզ ՀՀ վարչապետի պաշտոնում նշված և այլ մեծ մարտահրավերները արժանապատվորեն հաղթահարելու ճանապարհին»:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն