Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պիտի շարունակի իր աջակցությունը բերել մեր պետականության զորացմանը. Կաթողիկոսը՝ Փաշինյանին


Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պիտի շարունակի իր աջակցությունը բերել մեր պետականության զորացմանը. Կաթողիկոսը՝ Փաշինյանին

  • 02-08-2021 18:00:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
 
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Մեծարգո վարչապետ,
 
խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության վարչապետի պատասխանատու պաշտոնում նշանակվելու առիթով հղում ենք Ձեզ արդյունավետ աշխատանքի Մեր  մաղթանքները:
 
Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով մեր ժողովրդի կյանքում  և մեր երկրի շուրջ ստեղծված իրավիճակն այսօր հրամայական է դարձնում ՀՀ սահմանների անվտանգության ապահովումը, Արցախի կարգավիճակի հստակեցումը և մեր հայրենիքում սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը: Առկա մարտահրավերների հաղթահարման և հայրենական ապահով բարօր կյանքի կերտման աստվածահաճո ուղին ներքաղաքական լարվածության լիցքաթափումն է ազգային անդաստանում համերաշխության ու միաբանության մթնոլորտի հաստատումը: 
 
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ հավատարիմ իր կոչմանը, պիտի շարունակի իր աջակցությունը բերել մեր պետականության զորացմանը՝ իր կարողություններն ի սպաս դնելով նաև հայրենիք-սփյուռք կապերի առավել արդյունավորմանը, աշխարհասփյուռ մեր ժողովրդի ազգային ինքնության գիտակցության ամրապնդմանը և հոգևոր կյանքի առաջընթացին:
 
Թող Երկնավոր Տերը Իր օրհնության ներքո խաղաղ ու անվտանգ պահի Հայաստան ու Արցախ մեր հայրենին, բարեշեն կյանք շնորհի մեր ժողովրդին և Ձեզ՝ հայրենաշահ ձեռքբերումներ»: 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն