Քանաքեռի գերեզմանատանը բազմաթիվ գերեզմանաքարեր են ոչնչացվել

Քանաքեռի գերեզմանատանը բազմաթիվ գերեզմանաքարեր են ոչնչացվել

  • 02-08-2021 20:26:43   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Երևան քաղաքի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում գտնվող «Քանաքեռի գերեզմանատանը» բազմաթիվ գերեզմանաքարեր են ոչնչացվել։
 
«Հետք»-ի նկարահանող խումբը «մասնակի փակ» իրավական ռեժիմ ունեցող գերեզմանատան տարածքում արձանագրել է, որ հիմնականում ոչնչացվել են հին գերեզմանաքարերը։
 
Կարմիր գույնի տուֆ տեսակի գերեզմանաքարերը կոտրել են, մասնատել, ապա աղբակույտի տեսք են հաղորդել դրանց։ Ոչնչացված քարերի կույտի հետ շինարարական աղբ են խառնել։ Գերեզմանատուն կատարած մեր այցի ժամանակ տեսանք մի գերեզման, որի մեջ ավտոմեքենայի մաշված անիվ և ժանգոտված երկաթ էր լցված, իսկ հանգուցյալի հիշատակը հավերժացնող քարը գերեզմանի մետաղական ցանկապատի և մեկ այլ գերեզմանի ցանկապատի մեջտեղում էր թաքցված։ Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց ընթերցել հանգուցյալի տվյալները, որը հուղարկավորվել էր 1976 թ.-ին։
 
Կոտրված գերեզմանաքարերն ու շինարարական աղբը այնպես է լցված գերեզմանատան տարածքում, որ դրանց հարևանությամբ գտնվող գերեզմանները կամ դրանց ցանկապատերը մնացել են աղբի տակ։
 
Այդ ամենի հիմնական հավանական պատճառն այն է, որ հին գերեզմանաքարերը ոչնչացվում և տեղափոխվում են, որպեսզի այդ գերեզմաններն օգտագործվեն նոր հուղարկավարություններ կազմակերպելու համար։
 
Այս ամենից բացի՝ «Հետք»-ի տեսախցիկը արձանագրել է, որ նույն վարչական շրջանի մեկ այլ գերեզմանատանը, որը կոչվում է «Զեյթունի գերեզմանատուն», չնախատեսված վայրում հուղարկավորություն է իրականացվել։ Գերեզմանատան ներսում գտնվող ճանապարհի վրա նոր հողահատկացում է արվել և հուղարկավարություն իրականացվել։
 
Մեր գրավոր հարցմանն ի պատասխան Երևանի քաղաքապետարանից հայտնեցին, որ ըստ «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի, «Զեյթուն» գերեզմանատանը առկա 3x4 չափսի բետոնե ցանկապատով բարեկարգված գերեզմանատարածքի /գերեզմանի/ վերաբերյալ տեղեկատվություն չի կարող ներկայացվել, քանի որ գերեզմանատան փաստաթղթերում առկա չէ որևէ գրառում տվյալ հատվածում հուղարկավորություն իրականացնելու մասին։
 
«Նշված տարածքում առկա չէ նաև որևէ հուշաքար կամ ցուցանակ։ Գերեզմանատան աշխատակիցների խոսքերով՝ հուղարկավորությունն իրականացվել է մոտավորապես 2009 թվականին։ «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ում նույնպես առկա չէ ոչ մի փաստաթուղթ տվյալ գերեզմանի մասին»,- հայտնել են Երևանի քաղաքապետարանից։
 
 
Այն պնդումը, թե իբր այդ հատվածում հուղարկավորությունն իրականացվել է 2009 թ.-ին, շատ հեշտ հերքվում է։ Արբանյակից արված լուսանկարներ ներկայացնող «Google Earth» ծրագրի միջոցով տեսնում են, որ «Զեյթունի գերեզմանատան»՝ նոր գերեզմանոցի տարածքը 2021թ.-ի մարտի 6-ի դրությամբ ազատ է, և որևէ գերեզման չկա այդտեղ։
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը