Լրագրողները հնարավորություն կունենան ԱԺ այգում պատգամավորների հետ ցանկության դեպքում շփում ունենալ․ Ալեն Սիմոնյան

Լրագրողները հնարավորություն կունենան ԱԺ այգում պատգամավորների հետ ցանկության դեպքում շփում ունենալ․ Ալեն Սիմոնյան

  • 03-08-2021 17:18:50   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ազգային ժողովում իր ելույթում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ խորհրդարանի շենքում լրագրողների տեղաշարժի սահմանափակմանը։ Նա նշեց, որ սահմանափակման մասին չէ խոսքը, այլ համակարգման մասին է։ Ըստ Սիմոնյանի՝ որևէ երկրում լրագրողների մուտքը պետական շենքեր այնպես արտոնված չէ, ինչպես Հայաստանում է, փոխանցում է Lragir.am-ը: 
 
«Կուզեմ անդրադառնալ տեղեկություններին, թե իբր ինչ-որ սահմանափակումներ են տեղ գտնելու և տեղ են գտնում։ Ես ուզում եմ տեղեկացնել, որ սահմանափակում բառն օգտագործելը սխալ է, որովհետև խոսքը գնում է աշխատանքի համակարգման մասին։ Մենք ունենք մի այսպիսի խնդիր, որ տարիներ շարունակ եղել է այնպես, որ լրագրողներն ստիպված են եղել վազել պատգամավորների հետևից, եղել են դեպքեր, երբ պատգամավորները սպառնացել են լրագրողներին, ապտակել են լրագրողներին։ Եվ այդ լարվածությունը նաև պայմանավորված է եղել նրանով, որ այդ հարաբերությունները որևէ ձևով կարգավորված չեն եղել։ Որևիցե փոփոխություն, որը կբերի կամ կարող է բերել ԶԼՄ-ների մասին օրենքում փոփոխության, դա չի նախատեսվում այսօրվա ռեժիմի պարագայում։ Խոսքը գնում է այն մասին, որ լրագրողների համար կլինեն հատուկ նախատեսված տեղեր, որտեղ բոլոր պատգամավորները, այդ թվում՝ իշխանական խմբակցության ներկայացուցիչները հնարավորություն կունենան ճեպազրույցներով հանդես գալ։ Իսկ իշխանական պատգամավորական խմբակցությունն իր վրա պարտավորություն է վերցնում լրագրողների հետ պարտադիր մշտական շփման մեջ լինել»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
 
Նա նշեց, որ հանձնաժողովների նախագահները պարտավորված կլինեն ամեն հանձնաժողովի նիստից հետո կամ անձամբ, կամ իրենց կողմից լիազորված անձը իջնել նախատեսված վայր ու շփվել լրագրողների հետ։ Միաժամանակ հանձնաժողովների նիստերը կհեռարձակվեն, և դրան հետևելու համար ևս լրագրողներին համապատասխան վայր կհատկացվի։
 
«Լրագրողները կգնան պատգամավորների սենյակ, երբ պատգամավորը դրա ցանկությունը կունենա և կկազմակերպի այդ անցը, ուղեկցող մարդ կլինի։ Լրագրողները հնարավորություն կունենան ԱԺ այգում պատգամավորների հետ ցանկության դեպքում շփում ունենալ։ ԱԺ ներքին բակում հատուկ վայր է պատրաստվում՝ սրճարանով»,- հավելեց նա։
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը