Ընդդիմադիր խմբակցություններն ԱԺ նախագահի պաշտոնում Ալեն Սիմոնյանի ընտրվելը կվիճարկեն ՍԴ-ում

Ընդդիմադիր խմբակցություններն ԱԺ նախագահի պաշտոնում Ալեն Սիմոնյանի ընտրվելը կվիճարկեն ՍԴ-ում

  • 03-08-2021 17:59:14   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ընդդիմադիր խմբակցություններն Ազգային ժողովի նախագահի պաշտոնում Ալեն Սիմոնյանի ընտրությունը վիճարկելու են Սահմանադրական դատարանում (ՍԴ)։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները պնդում են՝ ընտրությունը Սահմանադրության խախտմամբ է տեղի ունեցել, Ազգային ժողովի բնականոն գործունեությունը չի ապահովվել, ինչը Սահմանադրության պահանջ է, փոխանցում է Ազատություն ռադիոկայանը
 
«Երեկվա տեղի ունեցածը Սահմանադրության թե՛ 94-րդ հոդվածի, թե՛ 104-րդ հոդվածի տեսանկյունից ինքնին ընթացակարգային բնույթի այնպիսի խախտումներ է ենթադրել, որոնք հենց Սահմանադրական դատարանում են քննության ենթակա», - ասաց «Հայաստան» դաշինքից Արամ Վարդևանյանը:
 
Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները երեկ Աժ նախագահի պաշտոնում առաջադրել էին «Հայաստան» դաշինքի կալանավորված պատգամավորների՝ Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի թեկնածությունը։ Կալանավորված թեկնածուների ներկայությունն ապահովված չէր, այնուամենայնիվ, ընտրությունը տեղի է ունեցել և ընտրվել է իշխող «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն՝ Ալեն Սիմոնյանը։ Ընդդիմադիրները պնդում են, որ հավասար մրցակցության օրենսդրական պահանջը խախտվել է, ընտրության սահմանադրականությունը կասկածելի է։
 
«Ազգային ժողովն առաջին նիստին հաստատում է, որ էդ անձինք պատգամավոր են, բայց պատգամավորի լիզորությունները կասեցվում են ըստ էության, սա աննորմալ վիճակ է։ Այդ աննորմալ վիճակը մենք փորձեցինք շտկել՝ ասելով, որ նաև սրա հիման վրա ձեր ընտրությունն է լինելու անօրինական և իրականում այդպես էլ եղել է: Մենք Սահմանադրական դատարանից պահանջելու ենք այս հարցի պատասխանը», - նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
 
Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական գործեր հարուցվել են, երբ նրանք Սիսիանի ու Մեղրիի համայնքապետերն էին, կալանավորվեցին ընտրություններից օրեր անց։ Նրանց թիմակիցներն ու փաստաբանները պնդում են, որ պատգամավոր ընտրվելուց հետո ստացել են Սահմանադրությամբ երաշխավորված անձեռնմխելիությունը և պետք է ազատ արձակվեն։ Անձեռնմխելիությունից կարող են զրկվել միայն խորհրդարանում։ Սակայն գլխավոր դատախազությունը հիմնավորում է, որ քրեական հետապնդումը սկսվել է պատգամավոր ընտրվելուց առաջ և նրանց նկատմամբ Սահմանադրության պահանջը չի գործում։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն ասում է՝ բարձր դատարանում նրանց անձեռնմխելիության հարցն էլ են վիճարկելու։
 
Սահմանադրական դատարան դիմելու ստորագրահավաքը այսօրվանից կսկսեն, ասաց Ռուստամյանը։ Միայն «Հայաստան» դաշինքի ձայներն էլ բավարար են, բայց նրանց կմիանա նաև «Պատիվ ունեմ»-ը։
 
«Վերահաստատելով այն գործընթացը, որ երեկվա ընտրությունների պրոցեսը տեղի է ունեցել Սահմանադրության խախտմամբ՝ «Պատիվ ունեմ» դաշինքը նույնպես վիճարկելու է այդ գործընթացի սահմանադրականությունը Սահմանադրական դատարանում», - ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Հայկ Մամիջանյանը
 
Եթե թեկնածուները Ազգային ժողովում չեն եղել ու ելույթներ չեն ունեցել, դա դեռ չի նշանակում, որ նրանց ընտրվելու իրավունքը խախտվել է, հակադարձում է Իշխող խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
 
«Բոլոր առաջադրված թենակծուների անունները ներառված էր քվեաթերթիկում, և ըստ էության իրենց իսկ առաջադրողները չեկան և չքվեարկեցին իրենց օգտին: Մենք չենք կարող բոլոր պարագայում երաշխավորել պատգամավորի քվեարկելու իրավունքը, որովհետև պատգամավորը կարող է լինել գործուղման մեջ, երկրորդ, հարգելի պատճառով բացակայի: Օրինակ՝ կալանավորված պատգամավորների նիստերին բացակայելը դիտարկվում է որպես հարգելի բացակա», - նշեց Վարդանյանը:
 
Իշխանական պատգամավորի մեկնաբանմամբ՝ Սահմանադրությամբ տրված անձեռնմխելիությունը գործում է, եթե ընտրվելուց հետո է քրեական հետապնդում սկսվում. «Պատգամավորի անձեռնմխելիությունը սկսում է այն ժամանակ, երբ ձևավորվում է, իմ լիազորությունները սկսել են երեկ առավոտյան ժամը 10-ին, երբ որ գումարվել է Ազգային ժողովի առաջին նստաշրջանը»:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը