Ալավերդու համայնքապետարանը սոցիալական խմբերին արժեթղթեր է տալիս, և նրանք ստիպված են գնումներ կատարել կոնկրետ խանութից

Ալավերդու համայնքապետարանը սոցիալական խմբերին արժեթղթեր է տալիս, և նրանք ստիպված են գնումներ կատարել կոնկրետ խանութից

  • 03-08-2021 19:20:13   | Լոռու մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ալավերդի համայնքի բնակիչներից «Հայկական ժամանակն» ահազանգել է ստացել, որ համայնքապետարանը, որպես աջակցություն, հաշմանդամություն ունեցող երեխաներին հունիսի 1-ին գումար է հատկացրել, սակայն նաեւ ուղղորդել, թե որտեղից ու ինչ գնումներ կատարել:
 
Բնակիչները մասնավորապես նշում են, որ գումարը տրվել է անկանխիկ, որով հնարավոր է եղել վճարումներ կատարել ավագանու անդամներից մեկին պատկանող խանութում, ընդ որում, կարելի է եղել գնել միայն խաղալիք: Տեղեկացանք նաեւ, որ սա այսպիսի առաջին դեպքը չէ, ու նախկինում էլ ասենք տարեցներին տրամադրված ոչ կանխիկ դրամական աջակցությամբ հնարավոր է եղել օգտվել նույն խանութի միայն տնտեսական բաժնից:
 
Ալավերդու համայնքապետարանից գրավոր հարցմամբ հետաքրքրվել էինք՝ հաշմանդամություն ունեցող քանի՞ երեխայի է տրվել գումարային աջակցություն, որքա՞ն է կազմել գումարի չափը, այն տրվել է կանխի՞կ, թե՝ անկանխիկ, գումարը ծախսելու ուղղորդումներ իսկապե՞ս արվել են: Նաեւ փորձեցինք պարզել՝ նախկինում ո՞ր խմբի շահառուներին է տրվել գումարային աջակցություն, եւ այս դեպքում եւս ի՞նչ պայմաններ են դրվել գումարն օգտագործելու:
 
Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանից ստացված գրավոր պատասխանում նշվում է, որ այս տարվա հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, կազմակերպվել է միջոցառում Ալավերդի համայնքի հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար:
 
Միջոցառման ավարտին հատուկ կարիքներ ունեցող երեխաների ծնողներին համայնքապետարանի կողմից հանձնվել են արժեթղթեր՝ ԱՁ Արմեն Կարապետյանի «Բեսթ» վաճառատնից լեգո, շախմատ, փազլ տեսակի խաղալիքներ ձեռքբերելու նպատակով:
 
Նշենք, որ Արմեն Կարապետյանը Ալավերդի համայնքի ավագանու անդամ է 2017 թվականից:
 
Քաղաքապետի հաղորդմամբ՝ հաշմանդամություն ունեցող խմբի հետ կապված որեւէ տարանջատում չի եղել՝ արժեթղթեր ստացել է հաշմանդամության տարբեր խմբեր ունեցող 37 երեխա:
 
«Համայնքապետարանի ոչ մի աշխատակցի կողմից ուղղորդում չի կատարվել, եւ խաղալիքների ձեռքբերման նպատակով պայմանագիրը կնքվել է «Բեսթ» խանութ-սրահի հետ, քանի որ տվյալ խանութ-սրահում տեսականին ավելի մեծ է, եւ մարդիկ լայն ընտրության հնարավորություն են ունենում»,- նշել է նա:
 
Պատասխան գրության մեջ, սակայն, ոչինչ չի նշվում մեր մյուս հարցերի վերաբերյալ:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը