Զինծառայողների բժշկական հետազոտություններն անհրաժեշտ է կատարել առաջնահերթ և փոխել օրենքը. ՀՀ ՄԻՊ-ի Տարեկան հաղորդում

Զինծառայողների բժշկական հետազոտություններն անհրաժեշտ է կատարել առաջնահերթ և փոխել օրենքը. ՀՀ ՄԻՊ-ի Տարեկան հաղորդում

  • 04-08-2021 10:19:56   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Ի տարբերություն զինվորական հաշվառման վերցնելու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, ներառյալ զորահավաքային զորակոչի, պայմանագրային զինվորական ծառայության և վարժական հավաքի ներգրավելու դեպքերի՝ ծառայության ընթացքում զինծառայողների համար օրենքով ամրագրված չեն առաջնահերթ բժշկական օգնություն և սպասարկում: Խնդիրն ի հայտ է եկել զինվորական հոսպիտալներ կատարված այցերի,   բողոքների քննարկումների և օրենսդրության ուսումնասիրության արդյունքում:
 
 Այլ կերպ ասած՝ ծառայության մեջ գտնվող զինծառայողների բուժօգնությունն ու բուժսպասարկումը, ներառյալ՝ հետազոտությունները, իրականացվում են ընդհանուր հիմունքներով: Արդյունքում՝ զինծառայողների հետազոտությունները գործնականում ձգձգվում են, ինչի հետևանքով զինվորական հոսպիտալներում նրանք ստիպված երկար են մնում:
 
Մինչդեռ, հաշվի առնելով զինվորական ծառայության առանձնահատկությունները, զինվորական պարտականությունների կատարմանը նրանց արագ ներգրավման անհրաժեշտությունը՝ զինծառայողների բժշկական հետազոտություններն անհրաժեշտ է իրականացնել առաջնահերթ և սեղմ ժամկետներում:
 
Խնդիրը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ որոշ հետազոտություններ (օրինակ՝ ՄՌՏ, ներկերակրափողային էխոկարդիոգրաֆիա, էլեկտրոնեյրոմիոգրաֆիա), որպես կանոն օբյեկտիվ պատճառներով, մեծամասամբ իրականացվում են քաղաքացիական բուժհաստատություններում:
 
Խնդիրը քննարկվել է Պաշտպանության և Առողջապահության նախարարությունների հետ: Նրանք պարզաբանել են, որ միմյանց միջև փոխհամագործակցության շրջանակում արվում է առավելագույնը զինծառայողներին անհրաժեշտ հետազոտությունները և բուժական միջամտություններն առանց հերթագրման կազմակերպելու համար: Նաև նշել են, որ խնդիրը լուծելու համար Կառավարության որոշմամբ 2019 թ. դեկտեմբերին կատարվել է փոփոխություն, որի արդյունքում արդեն բուժսպասարկումն իրականացվում է պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման սկզբունքով: Արդյունքում՝ բժշկական կազմակերպությունների կողմից մատուցված ծառայությունների համար կիրառվում է փոխհատուցման հետվճարային սկզբունքը, որով հերթագրումները և ծառայությունների մատուցման անհարկի ուշացումները կհասցվեն նվազագույնի:
 
Մարդու իրավունքների պաշտպանի գնահատմամբ՝ ձեռնարկված միջոցներն անհրաժեշտ, բայց դեռևս բավարար չեն խնդիրն արմատապես լուծելու համար: Ուստի, հարցի համակարգային լուծման նպատակով հարկավոր է զինծառայողների առաջնահերթ բժշկական օգնության և սպասարկման իրավունքն ամրագրել օրենքի մակարդակով:
 
Առաջարկվում է՝
 
1.       «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում ամրագրել, որ զինվորական ծառայության ընթացքում զինծառայողների հետազոտումը, փորձաքննությունը և բուժումը կատարվում են առաջնահերթ ու անվճար` պետության երաշխավորած բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում,
 
2.       մինչև օրենսդրական տվյալ փոփոխությունը պետք է գործնականում միջոցներ ձեռնարկել զինծառայողներին անհրաժեշտ բուժհետազոտություններ հնարավորին սեղմ ժամկետներում իրականացնելու ուղղությամբ:
 
ՀՀ ՄԻՊ
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն