Պատրաստվում է Լավրովի պլանով հերթական ակտի իրականացումը

Պատրաստվում է Լավրովի պլանով հերթական ակտի իրականացումը

  • 04-08-2021 10:53:09   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am․ Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիրկինը հերթական «մաքոքային» շրջայցերն է սկսել. նա այցելել է գլխավոր դատախազին, պաշտպանության նախարարին, երեկ էլ ձայնի կերկերուն երանգներով հարցազրույց տվեց Հանրային հեռուստաընկերությանը: 2020-ի նոյեմբերի 9-ից հետո Երեւանում ՌԴ դեսպանատան բաց հրահանգավորումով իրագործված ներքին գործընթացներն ու մոսկովյան քվոտաներով կազմավորված խորհրդարանն ու կառավարությունը դեսպանի հերթական տեսչական ստուգման առիթն են:
 
Զուգահեռ փորձ է արվում ձեւավորել քարոզչական նոր դրույթներ, որոնք կոչված են մեղմել ՌԴ կերպարը հայ հանրության աչքին: Դեսպանի հարցազրույցն ըստ էության նոր հրահանգավորում է հայկական քաղաքական ու մեդիա-փորձագիտական շրջանակներին, որը հանգում է «եղբայրական երկրի» հարցում Ռուսաստանի բարդ իրավիճակին, բարդ խնդիրներին, որոնք դժվար է լուծել, եւ այլն: Սա արդեն իսկ «առաջընթաց» է, նկատի առնելով Հայաստանի միակ մեղավորության վրա կառուցված նողկալի քարոզչությունը, որն արագ փլուզվեց իր անհեթեթության ու հակասականության պատճառով:
 
Սակայն հայ հանրության շրջանում ՌԴ «եղբայրական բազմաչարչար» կերպարի ձեւավորումը խնդրի մի կողմն է, առավել կարեւոր է այն, թե ինչու է դա արվում, ՀՀ պետական ինստիտուտների՝ ՌԴ արդեն փաստացի ուղիղ կառավարման պայմաններում: Պատրաստվում է Լավրովի պլանով հերթական ակտի իրականացումը՝ Հայաստանին «դեմարկացիոն, կոմունիկացիոն եւ խաղաղության» պայմանագրերի պարտադրումը: «Եղբայրական երկրի» մասնատման ու ինքնիշխանության վերացման պայմանագրեր պարտադրելը պահանջում է համապատասխան ֆոն: Դրան մասնակից հայկական շրջանակները թերեւս գիտակցում են, թե ինչ պատասխանատվություն են ստանձնում:
 
Ռուսաստանի բարդ վիճակի հարցում Կոպիրկինն իհարկե ճիշտ է, բայց լիովին այլ պատճառներով: Ռուսաստանի արցախյան տապալումը հանգեցնելու է նրա անխուսափելի նահանջին, նույնիսկ Հայաստանը լիովին աբսորբացնելու պայմաններում: Դեսպանի դեմքին չկար նախկին խանդավառությունը, եւ դա հասկանալի է՝ առաջիկա ցնցումները շրջանում ուղիղ առնչվելու են արդեն Ռուսաստանին: Դա ՌԴ քաղաքականության ուղիղ հետեւանքն է:
 
Մի դեպքում կարող է փոխվել այս իրավիճակը, որի մասին սակայն իմաստ չկա խոսել:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը