Մենք այսօր չունենք պայմանները, որպեսզի գնանք դելիմիտացիայի կամ դեմարկացիայի․ Սեյրան Օհանյան


Մենք այսօր չունենք պայմանները, որպեսզի գնանք դելիմիտացիայի կամ դեմարկացիայի․ Սեյրան Օհանյան

  • 04-08-2021 12:19:41   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am․ ԱԺ այսօրվա նիստում պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն անդրադարձավ հարցին, թե արդյոք պետք է այս փուլում Հայաստանն Ադրբեջանի հետ սահմանների դելիմտացիա ու դեմարկացիա իրականացնի։ Ըստ նրա՝ հապճեպ չպետք է իրականացնել այդ գործընթացը, դա կվտանգի նաև Արցախի հարցի լուծումը։
 
«Մենք այսօր չունենք պայմանները, որպեսզի գնանք դելիմիտացիայի կամ դեմարկացիայի, որովհետև դելիմիտիացիայի ու դեմարկացիայի գնում են այն ժամանակ, երբ գոյություն ունի խաղաղության պայմաններ, և թշնամի երկրները վեր են ածվում հարևան երկրների, ստեղծվում են միջկառավարական խառը հանձնաժողովներ, որոնք իրականացնում են այդ ամենը։ Բայց այսօր խնդիրն այլ է՝ այսօր ադրբեջանցիները ներխուժել են մեր տարածք և չեն հեռանում։
 
Ես համոզված եմ, որ այն կարևոր ռազմավարական կետերը, որտեղից մենք առանց որևէ պատերազմի բանավոր կերպով հետ ենք քաշվել և հանձնել ադրբեջանցիներին, հետագայում իրական սահմանազատման խնդիրների պայմաններում խնդիրներ են առաջացնելու՝ ադրբեջանցիներին մեր սահմաններից հետ շպրտելու առումով։ Մենք այսօր չունենք այդ պայմանները։ Այդ խնդրին ժամանակավրեպ գնալը շատ վտանագավոր պայմաններ կարող է ստեղծել և մեզ համար, և Արցախի։ Դա իր մեջ պարունակում է հետևյալը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն և հակադիր պետությունների ճանաչում։ Իսկ տարածքային ամբողջականության ճանաչումը դա անմիջապես վտանգում է Արցախի խնդրին։
 
Սա է իրականությունը, հապճեպ չպետք է գնալ։ Միջազգային պայմանագրերում հարևանների հետ հարաբերություններում յուրաքանչյուր կետի, ստորակետի, սանտիմետրի կամ յուրաքանչյուր թիզ հողի համար տարիներով բանակցել են մեր դիվանագետները»,- հայտարարեց Սեյրան Օհանյանը։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը