Կարեն Գևորգյանի «Երկընտրանք»-ը՝ Ուջանի 7-րդ միջազգային կինոփառատոնի փակման ֆիլմ

Կարեն Գևորգյանի «Երկընտրանք»-ը՝ Ուջանի 7-րդ միջազգային կինոփառատոնի փակման ֆիլմ

  • 04-08-2021 12:56:48   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Օգոստոսի 22-29 Արագածոտն մարզի Ուջան գյուղում կայանալիք «Ծիրանի ծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնի փակման ֆիլմն է լինելու ռեժիսոր Կարեն Գևորգյանի «Երկընտրանք» վավերագրությունը։ 
 
Թեպետ Կարեն Գևորգյանը «Երկընտրանք» ֆիլմն ավարտել է 2000 թվականին, Հայաստանում այն ցուցադրվել է ընդամենը 2 անգամ։ Ֆիլմում զետեղված են Առաջին արցախյան ազատամարտի տարիներին ու 90-ական թվականների երկրորդ կեսին Գևորգյանի նկարած բացառիկ կադրերը ռազմաճակատից ու հետպատերազմական կյանքից, որոնց ուղեկցությամբ ռեժիսորը խորհում է հայի ճակատագրի մասին և այն մասին, թե ինչ ուղղությամբ պետք է գնա Հայաստանը, որպեսզի 1990-ականներին հայ ժողովրդի կռած հաղթանակը չփոշիանա։ Հաշվի առնելով 2020 թվականի պատերազմն ու դրա հետևանքները՝ 21 տարի առաջ նկարահանված այս ֆիլմը զարմանալիորեն նույնքան (եթե ոչ ավելի) արդիական է այսօր, որքան ստեղծման պահին էր։
 
Կարեն Գևորգյանը (ծնվ․ 1941) նշանավոր հայ-ռուսաստանցի կինոռեժիսոր և օպերատոր է։ 1960-ականներից ի վեր ծավալած երկարամյա գործունեության ընթացքում նկարահանել մի քանի տասնյակ ֆիլմ թե՛ խորհրդային, թե՛ անկախ Հայաստանում և Ռուսաստանում, այդ թվում՝ «Չալ շունը, որ վազում է ծովեզրով» հանրահայտ կինոնկարը, որը 1991 թվականին արժանացել է Մոսկվայի XVII կինոփառատոնի գլխավոր՝ «Ոսկե սուրբ Գեորգի», ՖԻՊՐԵՍՍԻ-ի և Էկումենիկ ժյուրիի մրցանակներին, ինչպես նաև հեղինակավոր «Կինոտավր» կինոփառատոնի «Ընտրյալների կինո» մրցույթի Գլխավոր պարգևին։ 1990-ականներին ներդրում է ունեցել Հայաստանի ռազմարդյունաբերության մեջ՝ իր ինժեներեկան ընկերության մասնագետների հետ համատեղ նախագծելով և արտադրելով հայկական ամենագնաց ռազմական մեքենայի և հայկական ռազմական օդանավի աշխատող նախատիպերը։ Այժմ ապրում, ստեղծագործում և դասավանդում է Սանկտ Պետերբուրգում։
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն