Սեյրան Օհանյանը պնդում է՝ պատերազմի հարցով ստեղծվելիք քննիչ հանձնաժողովը պետք է տրվի ընդդիմությանը

Սեյրան Օհանյանը պնդում է՝ պատերազմի հարցով ստեղծվելիք քննիչ հանձնաժողովը պետք է տրվի ընդդիմությանը

  • 04-08-2021 13:19:46   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Արմենպրես․ ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող՝ ստեղծվելիք քննիչ հանձնաժողովի գործունեությունն արդյունավետ կհամարի, եթե այն տրվի ընդդիմությանը:
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ նիստում ասաց խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Գեղամ Նազարյանի հարցին, թե արդյոք չի՞ համարում, որ մի շարք հարցերի պատասխաններ տալու համար պետք է ԱԺ-ում ստեղծվի քննիչ հանձնաժողով:
 
Օհանյանը հիշեցրեց, որ քննիչ հանձնաժողով ստեղծելու գաղափարն ընդդիմությունը միշտ արտահայտել է, այն եղել է ինչպես «Հայրենիքի փրկության շարժման», այնպես էլ «Հայաստան» դաշինքի ծրագրերում: «Դա առաջինը ընդդիմության գաղափարն է եղել»,- ասաց նա:
 
Անդրադառնալով իշխանական թևի կողմից քննիչ հանձնաժողով ստեղծելու արտահայտած մտքին՝ նա հավելեց, որ իշխանական թևն ամբողջությամբ ունի այն գործիքակազմը, որը կարող է գործադրել և քննել: Օհանյանը շեշտեց, որ Ապրիլյան պատերազմի ավարտից անմիջապես հետո ՊՆ-ում ստեղծել է քննիչ հանձնաժողով, որն ամբողջությամբ վեր է հանել նյութերը, որոնք հիմք են հանդիսացել հենց ԱԺ-ում քննիչ հանձնաժողովում քննարկելու համար:
 
«Կարծում եմ, որ բավականին մեծ քանակությամբ խնդիրներ, հարցեր կան՝ վերաբերող պետական կառավարման համակարգին, գլխավոր հրամանատարի, ռազմակայանի գործունեությանը և այլն: Այդ հանձնաժողովը կարող է լիարժեք գործել և ամբողջությամբ բացահայտել և´ դրական, և´ բացասական կողմերը, եթե այդ հանձնաժողովը տրվի ընդդիմությանը, հակառակ դեպքում ես չեմ կարծում, թե ամբողջությամբ կգան այն մարդիկ, որոնք պետք է հարցաքննվեն և պատասխանեն բոլոր հարցերին»,- ասաց Օհանյանը:
 
Եթե այդպես չլինի, ապա ընդդիմությունը փաստահավաք խումբ ստեղծելու նախաձեռնություն կանի, որտեղ, Օհանյանի կարծիքով, համաչափ մասնակցությունը կապահովի լիարժեք քննություն:
 
Ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել էր, որ իշխանությունը նախատեսում է պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծել:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը