Ոչ ոք անմասն չի մնացել պատերազմից. Ռուբինյանը Մանուկյանին հորդորեց ներողություն խնդրել հարազատ կորցրած պատգամավորներից


Ոչ ոք անմասն չի մնացել պատերազմից. Ռուբինյանը Մանուկյանին հորդորեց ներողություն խնդրել հարազատ կորցրած պատգամավորներից

  • 04-08-2021 16:20:01   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանին հորդորեց ներողություն խնդրել 44-օրյա պատերազմում հարազատներ կորցրած պատգամավորներից՝ այն բանի համար, որ Մանուկյանը պնդել էր, թե պատերազմի զոհերի թվում պաշտոնյայի որդի, ընկեր, հարազատ չկա: 
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արեգնազ Մանուկյանը իշխանության մեղադրեց պատերազմից 10 ամիս անց ամենակարևոր թվերը՝ զոհերի, անհետ կորածների, գերիների, վիրավորների, հաշմանդամ դարձած անձանց ճշգրիտ տվյալները չներկայացնելու համար:
 
«44 օրում մենք տվեցինք գրեթե նույնքան զոհ, որքան Արցախյան առաջին պատերազմի տարիներին, բայց այդ հազարավոր զոհերի, վիրավորների, գերիների մեջ չկար գոնե մեկ հոգի, ով կապված է հեղափոխական և ժողովրդական հռչակված իշխանության ներկայացուցիչների հետ: Ուշագրավ է, որ 5000-ին մոտ զոհերի մեջ չկա գոնե մեկ գործող պաշտոնյայի որդի, հեռու բարեկամ կամ ընկեր….»,-ասաց նա ու հավելեց՝ ինքը ոչ մեկի մահը չի ցանկանում, եթե նա Հայաստանի և Արցախի վրա հարձակվող թշնամի չէ:
 
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նիստը վարողի իրավունքով արտահերթ ելույթ ունեցավ՝ արձագանքելով Մանուկյանի ելույթի այդ հատվածին: «ՔՊ-ից պատգամավոր Հակոբ Ասլանյանը, որը հիմա դահլիճում չէ, մասնակցել է 44-օրյա պատերազմին և վիրավորվել է, պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի զարմիկը զոհվել է պատերազմում, Մաթևոս Ասատրյանի եղբորորդին զոհվել է»,-ասաց Ռուբինյան ու հավելեց՝ ասում է միայն այն մասը, որոնց մասին ինքը գիտի:
 
Նա հարցրեց Մանուկյանին՝ փորձո՞ւմ է հասկանալ, թե այդ պատգամավորներն ինչ էին զգում նրա ելույթի ժամանակ: Ռուբինյանը խնդրեց ոչ հրապարակային ձևով, բայց հետո մոտենալ այդ անձանց և ներողություն խնդրել: «Կարծում եմ՝ ամենավատ բանը, որ հիմա կարող ենք անել՝ զոհերով մրցելն է: Դա ուղղակի խայտառակություն կլինի: Այն մասշտաբի պատերազմը, որը տեղի է ունեցել, չի անցել ոչ ոքի կողքով, ոչ ոք անմասն չի մնացել, բոլորն ունեն բարեկամներ, հարազատներ: Եթե կա մի բան, որը չենք կարող բաժանել, այն մարդիկ են, որոնք անձնազոհաբար կռվել են հանուն հայրենիքի ու այն փառավորվածներն են, որոնք ընկել են հանուն հայրենիքի: Եվ հավերժ փառք Գեղամ Նազարյանի որդուն, Վաղարշակ Հակոբյանի զարմիկին, Մաթևոս Ասատրյանի եղբորորդուն, բոլոր մյուս ներկաների բարեկամներին և ընկերներին, որոնք ընկել են: Եվ խոնարհումս պարոն Ասլանյանին, որը կռվել է հանուն հայրենիքի, խոնարհումս պարոն Սեյրան Օհանյանին, որն առաջին պատերազմում վիրավորվել է, կորցրել է ոտքը»,-ասաց Ռուբինյանն ու հորդորեց պատգամավորին նման բան այլևս չանել:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play