«Ռուս զինվորականները դարձյալ այցելել են Խոզնավար ու Վաղատուր համայնքներ, նաև Սև լճի տարածք». Վարո Գրիգորյան
04-08-2021 20:09:04 | Սյունիքի մարզ | Ի՞նչ է գրում մամուլը
Ռուս զինվորականներն օրերս դարձյալ այցելել են Սյունիքի մարզի Խոզնավար ու Վաղատուր համայնքներ, նաև Սև լճի տարածք։ Այս մասին Lragir.am-ին տեղեկացրեց Խոզնավար համայնքի վարչական ղեկավար Վարո Գրիգորյանը։
Նշենք, որ պաշտոնապես հայտարարվել է, որ Սոթքից մինչև Խոզնավար հայ-ադրբեջանական սահմանին պետք է կանգնեն ռուս սահմանապաներ։
«Ռուս սահամանապահները եկել են մեր գյուղ ու Վաղատուր։ Տեղ էին ընտրում, որ իրենց կետերը կառուցեն։ Վաղատուրի տարածքն են ընտրել, չափ ու ձև արել, գնացել են։ Ինչ վերաբերում է սահմաններին, տեսել ենք ռուսական մեքենաներ, որ դեպի Սև լիճ են գնում։ Համարյա երկու օրը մեկ տեսնում ենք ռուսներին, շարժ կա»,- ասաց Վարո Գրիգորյանը։
Նա նշեց, որ Սև լճի տարածքում շարունակում են գտնվել ադրբեջանական ուժեր։ «Խոզնավար համայնքի տարածքից մոտ 250 հեկտար իրենց ձեռքում ա հիմա՝ արոտավայրեր և խոտհարքի տարածքներ։ Էսօր մենք չենք կարողանում օգտվել այդ տարածքներից։ Այլ համայնքներ ևս ունեն տարածքներ ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Ադրբեջանցիները շարունակում են մնալ մեր տարածքներում մայիսի 12-ից։ Ոտքով եկել են, առանց կրակելու գրավել են, ասում են՝ իրենց տարածքն ա։ Դե գնա հանի, դուրս չեն գալիս, պիտի պատերազմենք, ուրիշ ձև չկա, դրանց խաղաղ ձևով չենք կարա քշենք, ամեն մետրի համար կռիվ են տալիս։ Մոռացեք, որ սենց իրենք կգնան։ Այս պայմաններում հայկական կողմը պետք ա լավ զինվի առանց հայտարարությունների։ Այսինքն՝ առանց բարձրաձայնելու պետք ա մեր գործն անենք, տեսնենք ինչ ա կատարվում»,- ասաց Վարո Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ իրենց գյուղի սահմաններին այսօր կանգնած են հայ զինծառայողները, վերջին շրջանում կրակոցներ չեն եղել, իրավիճակը հանգիստ է։ Գյուղից առայժմ արտագաղթ չկա, ասաց համայնքի ղեկավարը։ «Մենք կազմակերպված գիշերային ժամերին պահակություն ենք անում, ամեն ինչ հանգիստ է։ Ամեն մարդ իր գործին է, կովերին ենք արածացնում, գիշերը պահակություն անում, առավոտ նորից արոտ տանում, մեր հողն ենք պահում, չենք դժգոհում, մենակ խաղաղություն ենք ուզում։ Առայժմ արտագաղթ չկա, բայց խոսակցությունները գյուղում շատ են, պետք է անվտանգության հարցերը արագ լուծել», հավելեց նա։