Իշխան Սաղաթելյանը ՔՊ-ին մեղադրեց ԱԺ փոխխոսնակի ընտրությունները տապալելու հարցում


Իշխան Սաղաթելյանը ՔՊ-ին մեղադրեց ԱԺ փոխխոսնակի ընտրությունները տապալելու հարցում

  • 05-08-2021 16:18:02   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Ես չէի ուզի, որ Ազգային ժողովը վերածվեր կրկեսի, բայց այն, ինչ կատարվում է, արդեն սցենարը գոնե ինձ համար պարզ է»,- ԱԺ նիստում ասաց խորհրդարանի փոխնախագահի ընդդիմության թեկնածու Իշխան Սաղաթելյանը։ Նա նշեց, որ ավելի արժանապատիվ է հայտարարել ու դեմ քվեարկել, քան թե գնալ քվեաթերթիկներն անվավեր անել, գրում է Lragir.am-ը: 
 
Իշխան Սաղաթելյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը մեղադրեց ԱԺ փոխխոսնակի ընտրությունները տապալելու հարցում։ «Եթե իշխող խմբակցությունից որևէ մեկը, շարունակ չընտրելով, իր մտքով անցկացնում է, որ սրանով կարող է մենք գնանք սակարկումների կամ ինչ-որ պայմանավորվածությունների, ասեմ, որ այդպես չի լինելու։ Շարունակեք չքվեարկել»,- ասաց նա։
 
Սաղաթելյանը հավելեց․ «Մենք Ազգային ժողովում մուկն ու կատու չենք խաղում, թեկնածու ենք առաջադրել, քվեարկում եք, քվեարկեք, չեք քվեարկում, շարունակեք չքվեարկել։ Եթե ուզում եք, որ ես այս ամբիոնից՝ որպես թեկնածու, ձեզանից խնդրեմ, որ քվե տաք, չեմ խնդրելու։ Որևէ մեկը չի կարող մեզ առաջարկել չմասնակցել այդ քվեարկությանը, ինչ ասել ենք, ուժի մեջ է, գնդակը ձեր դաշտում է»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը