Նախագահ Սարգսյանին է ներկայացվել «Հայաստան» հիմնադրամի կողմից Արցախում իրականացվող շուրջ 30 մլրդ դրամի վերակառուցման ծրագրերի ընթացքը


Նախագահ Սարգսյանին է ներկայացվել «Հայաստան» հիմնադրամի կողմից Արցախում իրականացվող շուրջ 30 մլրդ դրամի վերակառուցման ծրագրերի ընթացքը

  • 05-08-2021 16:25:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային քննարկում է ունեցել հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: 
 
Հիմնադրամի գործադիր տնօրենը նախագահ Սարգսյանին ներկայացրել է հիմնադրամի կողմից Արցախում իրականացվող շուրջ 30 մլրդ դրամի վերակառուցման ծրագրերի ընթացքը, որոնք ներառում են համայնքային և համապետական նշանակության ճանապարհների վերակառուցում, դպրոցների հիմնանորոգում, ջրամատակարարման ցանցի կառուցում և լայնածավալ բնակարանաշինություն: Նշվել է, որ բնակշինարարության առաջին փուլով նախատեսվում է կառուցել 817 բնակարան և 290 տուն: Բնակարանների և շենքերի մի մասը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ՝ Ստեփանակերտում և Իվանյան համայնքում՝ սեփական տանիքով ապահովելով Շուշիից և Հադրութից տեղահանված 457 ընտանիքի։
 
Նախագահ Սարգսյանը «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենի հետ քննարկել է նաև սեպտեմբերից Սյունիքի մարզում մեկնարկող ծրագրերին վերաբերող հարցեր:
 
Հանրապետության նախագահի՝ ապրիլ ամսին Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցից հետո, նախագահի հանձնարարությամբ, Հանրապետության նախագահի աշխատակազմի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչները այցելել էին մարզ, հանդիպումներ ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների և բնակիչների հետ: Քննարկումների և կարիքների գնահատման արդյունքում կազմվել է Սյունիքի մարզի համայնքների առաջնային խնդիրների ծրագիր՝ համայնքային, կրթական և սոցիալական նշանակության մի շարք խնդիրների լուծման նպատակով:
 
Շուրջ մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ այս ծրագիրը կմեկնարկի սեպտեմբերից և կիրականացվի փուլերով՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի ու «Հայաստան» համահայկական հիմնադրամի համատեղ ուժերով և մասամբ նաև՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի ֆինանսական աջակցությամբ:
 
Նշելով, որ Արցախի, Սյունիքի համայնքներին անվտանգային, տնտեսական և սոցիալական աջակցությունը առաջնահերթություն է՝ նախագահ Սարգսյանը ասել է, որ բոլոր միջոցներն ու ջանքերը պետք է գործադրել աջակցության կարիք ունեցող մեր համայնքներին ու հայրենակիցներին սատար կանգնելու համար։ Կարևորելով ծրագրերի պատասխանատվությամբ իրականացումը, ժամկետների խստագույնս պահպանումը՝ նախագահը գոհունակություն է հայտնել ներկայումս ընթացող աշխատանքների ծավալի և տեմպի վերաբերյալ:
 
Հայկակ Արշամյանը նախագահ Սարգսյանին տեղեկացրել է նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի որոշումների կատարման ընթացքի մասին: 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն