Լեղապարկի հեռացումը փրկություն է մի շարք բարդություններից

Լեղապարկի հեռացումը փրկություն է մի շարք բարդություններից

  • 10-08-2021 13:55:16   | Հայաստան  |  Հասարակություն

Լեղապարկը օրգանիզմում օժանդակ դերակատարություն ունի։ Այնտեղ կուտակվում է լեղի, որը օգնում է օրգանիզմին յուրացնել ճարպոտ սնունդը։
 
Բայց այս օրգանում կարող են նաև առաջանալ քարեր։ Ցավոք սրտի միակ բուժումը վիրահատական է։ Ժամանակի ընթացքում փորձարկվել են տարբեր մեթոդներ․ հատուկ քիմիական նյութեր են ներարկվել լեղապարկ, ուլտրաձայնով մանրացվել ու հեռացվել են քարերը։ Բայց փորձը ցույց է տվել, որ եթե լեղապարկում առաջացել է անգամ մեկ փոքր քար, ապա այս օրգանն այլևս լիարժեք չի կարողանա իրականացնել իր գործառույթը։ 
 
Լեղաքարային հիվանդության առանձնահատկության, բարդությունների ու բուժման մասին զրուցել ենք  «Արթմեդ»  ԲՎԿ ընդհանուր վիրաբույժ Լևոն Հենզելի Եսայանի հետ։ 
 
«Արթմեդ» ԲՎԿ ընդհանուր վիրաբուժության բաժանմունքում լեղաքարային հիվանդները դիմում են հաճախ բարձիթողի վիճակում, հիվանդության բարդացած փուլերում։ Խնդիրը, բժիշկ Եսայանի խոսքով, նրանում է, որ մարդիկ չեն սիրում բժշկի այցելել, հետաձգում են այնքան, մինչև դանակը չի հասնում ոսկորին․«Մարդը պարբերական սուր ցավեր է ունենում աջ կողմում, երբեմն հնարավոր են նաև ցավեր սրտի շրջանում, բայց ցավերն անցնում են, ու մարդը մոռանում է դրանց մասին։ Այնինչ, ցավը ահազանգ է, որ լեղաքարերն արել են իրենց սև գործը, ու լեղապարկի բորբոքում է սկսվել, պետք է անմիջապես վիրահատվել»։ Բարձիթողի դեպքերում  կարող է առաջանալ խոլանգիտ՝ լեղուղիների բորբոքում,  և մեխանիկական դեղնուկ, երբ լեղու հոսքը դեպի 12 մատնյա աղիք խցանվում է։
 
Մեխանիկական դեղնուկը երկարաձգվելու դեպքում կարող է ախտահարել լյարդը, առաջացնել լյարդային խոր անբավարարությունը։ Նման դեպքերում բժիշկները ձգտում են հանել հիվանդին սուր վիճակից, կատարվում է էնդոսկոպիկ ռետրոգրադ խոլանգիոպանկրեատոգրաֆիա, երբ էնդոսկոպով անցնելով դեպի 12-մատնյա աղի՝ լայնացնում են լուսանցքը, որի արդյունքում քարը ընկնում է։ Դեղնությունն անցնելուց հետո միայն կատարում են լեղապարկի հեռացում։ Ավելի ծանր դեպքերում լեղածորանի խցանումը կարող է առաջացնել ենթաստամոքսային գեղձի բորբոքում՝ պանկրեատիտ։ Այս դեպքում ևս իրականացվում է էնդոսկոպիկ ռետրոգրադ խոլանգիոպանկրեատոգրաֆիա։ 
 
«Լեղապարկը այնուամենայնիվ հեռացվում է։ Նախկինում, երբ կատարվում էր պահպանողական միջամտություն, հեռացվում էին միայն քարերը, դրանք նորից առաջանում էին։ Իսկ թե ինչու՞ են առաջանում քարերը, գիտությանը դեռ հայտնի չէ։ Ի դեպ առավել վտանգավոր են մանր քարերը, հենց դրանք են առաջացնում խցանում, բայց եթե հետազոտությունը ցույց է տալիս մեծ քարեր, դա չի նշանակում, որ դրանից չեն առաջանա մանր քարեր։ Նշանակություն չունի նաև քարերի քանակը։ Անգամ մեկ մանր քարը կարող է ճակատագրական դեր խաղալ։Ամեն դեպքում, լեղաքարեր հայտնաբերելու, առավել ևս ցավեր ունենալու դեպքում, պետք է հնարավորինս շուտ պլանավորել վիրահատությունը։ Լեղաքարային հիվանդություն ունեցողները պետք է խուսափեն ճարպոտ սնունդ օգտագործելուց, այն ավելի է նպաստում լեղու առաջացմանը և լեղուղիների ակտիվ աշխատանքին և մեծանում է խցանման հավանականությունը»։ Ցավերը լինում են սուր, նոպայաձև ոը պարբերական։ Ճիշտ է՝ բժիշկ Եսայանի խոսքով լինում են դեպքեր, երբ մարդը տարիներ շարունակ ապրում է լեղապարկում ունենալով քարեր, որոնք նրան չեն անհանգստացնում և միայն հայտնաբերվում են հերձման ժամանակ։
 
Բայց առավել հաճախ դրանք հանգեցնում են լեղապարկի բորբոքման՝ խոլեցեստիտի։ Քարերի առաջացումը կախված չէ նաև տարիքից, կարող է առաջանալ ցանկացած տարիքում։
 
 Լեղապարկի հեռացումը՝ խոլեցիստէկտոմիան, կատարվում է լապարասկոպիկ եղանակով, կատարվում է լապարասկոպիկ եղանակով 3-4 փոքր անցքերի միջոցով։ Հաշված ժամեր անցած հիվանդը կարող է կանգնել, իսկ 2 –րդ օրը վերադառնալ տուն։ Հիվանդը ցավեր չի ունենում, կյանքի որակը չի տուժում, միայն լեղին արդեն լեղապարկում կուտակվելու փոխարեն հոսում է դեպի 12-մատնյա աղի։ Վիրահատվածին նաև չեն ցուցվում առանձնահատուկ սահմանափակումներ։ Իհարկե, ճարպոտ սնունդը և ալկոհոլի չարաշահումը պետք է բացառել, բայց այնպես չէ, որ դրանք վնասակար են միայն վիրահատվածների համար։ Հենց ճարպոտ սնունդն ու ալկոհոլն են հիմնականում որովայնային բազմաթիվ հիվանդություններ հրահրում։ 
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն