Հունաստանի արտգործնախարարը արդարացնում է դեսպանի քարոզչական շրջագայությունը Շուշիում


Հունաստանի արտգործնախարարը արդարացնում է դեսպանի քարոզչական շրջագայությունը Շուշիում

  • 11-08-2021 15:50:23   |   |  Քաղաքական

Հունաստանի Հայ դատի հանձնախումբը նամակ է հղել Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասին՝ բողոքելով Հունաստանի դեսպանի քարոզչական շրջագայության վերաբերյալ բռնազավթված Շուշիում, որը կազմակերպել էր Ադրբեջանի կառավարությունը։
 
Արտգործնախարարն արձագանքեց՝ անհամոզիչ արդարացումներ բերելով դեսպանի ահավոր վարքագծի համար:
 
Ահա թե ինչ է գրել Հունաստանի Հայ դատի հանձնախումբը հուլիսի 12-ին արտգործնախարար Դենդիասին ուղղված նամակում․ «Մենք զարմացած էինք, բայց նաև շատ վշտացած՝ իմանալով Ադրբեջանում Հունաստանի դեսպան պարոն Նիկոլաոս Պիպերիգոսի  մասնակցության մասին Ալիևի վարչակարգի կազմակերպած սադրիչ տոնակատարությանը… Հայ դատի հանձնախումբը, ինչպես նաև Հունաստանի հայ համայնքն ամբողջությամբ, իրենց խիստ դժգոհությունն են հայտնում այս ծաղրերգությանը մեր երկրի ներկայացուցչի մասնակցության առթիվ: Դուք քաջատեղյակ եք, որ Ադրբեջանը, հավատարմորեն  ընդօրինակելով իր դաստիարակին [Թուրքիային], կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերը: Ո՞րն է այս ճգնաժամային պահին Հունաստանի կողմից ցուցաբերված աջակցության նպատակը»:
 
Արտգործնախարար Դենդիասը պատասխանեց հուլիսի 27-ին․ «Հունաստանը երկարամյա գերազանց պատմական և բարեկամական կապեր է պահում Հայաստանի հետ։ Հայաստանի համար դժվար ժամանակներում, Հունաստանը կանգնեց երկրի և նրա ժողովրդի կողքին։ Ես անձամբ՝ 2020 թ․ հոկտեմբերի 16-ին այցելեցի Երևան՝ փոխանցելով զորակցության ուղերձ, այն ժամանակ, երբ պատերազմական գործողությունները ծավալված էին Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Նաև, ընդառաջելով մեր երկրում գործող հայկական կազմակերպությունների դիմումին, արտգործնախարարության Միջազգային զարգացման ծառայության համադրմամբ, Հունաստանը իրագործեց մարդասիրական երկու առաքելություններ (բժշկական պիտույքներ և սնունդ), որոնք կատարվեցին 2020 թ․  դեկտեմբերի 12-ին և 2021 թ․հունվարի 8-ին՝ ցույց տալով գործնական աջակցություն և զորակցություն։
 
Նույն պահին, ինչպես հայտնի է, 1992-ից Հունաստանը դիվանագիտական կապեր ունի Ադրբեջանի հետ։ 2020 թ․ ընթացքում երկկողմանի [Ադրբեջանի և Հունաստանի միջև] հարաբերությունների տագնապից հետո, Հունաստանի դեսպանը վերադարձել է Բաքու, որտեղ իր պա¬տասխանատվությունների շրջանակում կապեր է պահում հավատարմագրված երկրի հետ և հետևում է տեղական զարգացումներին։ Նաև, նկատի առնելով մեր երկրի Եվրոպական Միության անդամ լինելու հանգամանքը, դեսպանությունը իր գործունեությունը համադրում է մեր գործընկերների հետ միասնաբար։ Այս պատճառով, հույն դեսպանի կողմից ադրբեջանական արտգործնախարարության հրավերի ընդունումը, նման հրավերների վեց շարունակական մերժումներից հետո, որոնք արդեն ընդունելի դարձած էին եվրոպական այլ դեսպանությունների կողմից՝ որևէ  պարագայում չի կարելի ընդունել որպես հյուրընկալող երկրի տեսակետների որդեգրում կամ արարքների ճանաչում, մանավանդ՝ «մասնակցություն տոնակատարություններին»։ Այն տեղի ունեցավ համադրությամբ անդամ երկրների, նպատակ ունենալով տեղում դիտարկելու և արձանագրելու եղելությունները՝ արտաքին գործերի նախարարությանը ճշգրիտ տեղեկատվություն փոխանցելու համար»։
 
Ահա այն խնդիրները, որոնք առնչվում են արտգործնախարարի պատասխանին.
 
1) Թվում է, թե նա չի հասկանում, որ թշնամական պետությանը զիջելու դեսպանի գործողությունները խաթարում են Հունաստանի սեփական և Հայաստանի շահերը:
 
2) Ադրբեջանը Հունաստանի բարեկամը չէ: Ինչպես հիշեց արտգործնախարարն իր նամակում, անցյալ տարվա սեպտեմբերին, Հունաստանի դեսպանի հավատարմագրերի հանձնման ժամանակ, նախագահ Ալիևը անպատշաճ և ոչ դիվանագիտական ձևով ասաց նրան․ «Ես կարող եմ Ձեզ ասել, և դա գաղտնիք չէ, որ Թուրքիան ոչ միայն մեր բարեկամն ու գործընկերն է, այլև եղբայրական երկիր է մեզ համար: Մենք առանց որևէ երկմտանքի սատարում ենք Թուրքիային և կսատարենք նրան ցանկացած դեպքում: Մենք սատարում ենք նրանց [Թուրքիային] բոլոր հարցերում, այդ թվում ՝ Արևելյան Միջերկրածովյան հարցում»:
 
3) Արտգործնախարարն իր նամակում նշել է, որ եվրոպական այլ երկրներ նույնպես ընդունել են ադրբեջանական հրավերը: Նա անտեսեց այն հանգամանքը, որ եվրոպական մի քանի այլ խոշոր երկրներ, այդ թվում ՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Պորտուգալիան, Իսպանիան և Չեխիան, ի հավելումն Ռուսաստանի և Միացյալ Նահանգների, հրաժարվեցին մասնակցել Շուշիի ադրբեջանական քարոզչական շրջագայությանը: Նույնը պետք է աներ Հունաստանը․․․
 
4) Արտգործնախարարի այն արդարացումը, թե Հունաստանի դեսպանի այցը Շուշի նախատեսված էր տեղում դիտարկումներ անելու համար, ծիծաղելի է: Հունաստանի դեսպանին պարզապես խաբեությամբ դրդել են մասնակցել Ադրբեջանի կազմակերպած շքերթին՝ պարծենալու պատմական հայկական շրջանի, նրա բնակիչների ու կրոնական վայրերի բռնազավթմամբ և ոչնչացմամբ՝ միջազգային իրավունքի խախտմամբ։
 
Հունաստանի արտգործնախարարը ճիշտ նշեց Հունաստանի եւ Հայաստանի բարեկամության մասին: Սակայն, նման բարեկամությունը չպետք է սահմանափակվի դատարկ հայտարարություններով: Այն պետք է ցույց տրվի կոնկրետ գործողություններով, այլ ոչ թե պարզապես խոսքերով:
Ինչպես գրել էի իմ նախորդ հոդվածում, Հունաստանի արտգործնախարարը պետք է Երևանում իր դեսպանին անհապաղ ուղարկի Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտ՝ հատուցելու Բաքվի իր գործընկերոջ Շուշի կատարած վիրավորական այցի համար։ Եթե ոչ, Հունաստանի հայ դատի հանձնախումբը և տեղի հայ համայնքը պետք է շտապ հանդիպում ունենան Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ և պահանջեն, որ նա անհապաղ պաշտոնազրկի արտգործնախարարին և հետ կանչի դեսպանին Ադրբեջանից:
Հնազանդվելով Ալիևի հրահանգներին`Հունաստանի դեսպանը դավաճանեց ոչ միայն Հայաստանին, այլեւ Հունաստանի շահերին: Ադրբեջանի և Թուրքիայի դեմ Հայաստանի և բարեկամ այլ երկրների շարքերը համալրելու փոխարեն՝ Հունաստանը վանում է սեփական դաշնակիցներին:
Ես դեռ սպասում եմ, որ Հայաստանի վարչապետը Երևանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների համար շրջագայություն կազմակերպի Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտ՝ հակազդելու Ադրբեջանի կազմակերպած այցին Շուշի։ Սակայն,  դրա համար Նիկոլ Փաշինյանը նախ պետք է արտգործնախարար նշանակի:
 
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական