Ադրբեջանը միջազգային կառույցներին սկսել է «համոզել», որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ՊԲ-ը պետք է դուրս բերվի Արցախից


Ադրբեջանը միջազգային կառույցներին սկսել է «համոզել», որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ՊԲ-ը պետք է դուրս բերվի Արցախից

  • 12-08-2021 16:23:35   | Հայաստան  |  Մեկնաբանություն

ԱԺ նախկին պատգամավոր, «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» կազմակերպության նախագահ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում գրում է. 
 
«Ադրբեջանը միջազգային բոլոր կառույցներին սկսել է «համոզել», որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ  Պաշտպանության բանակը պետք է դուրս բերվի Արցախից։ Նպատակը մեկն է՝ ամբողջապես հայաթափել   Արցախը։ 
Ուստի հստակ դիտավորությամբ վերջին օրերին ադրբեջանական զինուժն ակտիվացրել է իր սադրիչ գործողությունները թե՛ Հայաստանի զինված ուժերի, թե՛ Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումների դեմ՝ թիրախավորելով նաեւ խաղաղ  բնակավայրերը։ 
 
Ի դեպ, չնայած նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հստակ ֆիքսված է, որ  կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում, սակայն ադրբեջանական զինուժը «իր զբաղեցրած» դիրքերից վաղուց արդեն տեղափոխվել է ՀՀ սուվերեն տարածք ու Ալիեւ-Էրդողան դուետը այլեւս Զանգեզուր միջազգային ներդրողներ է հրավիրում։
 
Որպես «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» կազմակերպության նախագահ, միջազգային կառույցներին, ԵԽԽՎ քաղաքական խմբերին եւ Հայաստանի հարցով համազեկուցողներին տեղեկացրել եմ, որ ադրբեջանական կողմի պնդումները, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված է հայկական զորամիավորումների դուրս բերում Արցախից՝ ակնհայտ  կեղծիք է։
 
Որ պահին Արցախի Պաշտպանության բանակը դուրս բերվեց՝ նույն պահից սկսվելու է  Արցախի  վերջնական հայաթափումը։  
 
Հուսանք, որ հայաստանյան քաղաքական ուժերը, որոնց մի կտորը էս պահին զբաղված է՝ «Ո՞վ էր Պանիկովսկին հեղափոխությունից առաջ» մաստեր-կլասներ ցուցադրելով եւ միմյանց «սագագող» անվանելու «լրջագույն» դիսկուրսով, սույն դիսկուրսի պաուզաներին կփորձեն զբաղվել Ադրբեջանի հերթական լկտի ուլտիմատումով. այն է՝ դուրս բերել Պաշտպանության Բանակը Արցախից»։
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն