ԲԴԽ նախագահի պաշտոնակատարն այցելել է Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերի դատարաններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ


ԲԴԽ նախագահի պաշտոնակատարն այցելել է Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերի դատարաններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

  • 14-08-2021 16:20:10   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Դատական դեպարտամենտի աշխատակազմը քաղաքացիական ծառայությունից անցում կկատարի դատական ծառայության: Այս մասին Արագածոտնի մարզում դատարանի նորանշանակ նախագահ Գոհարիկ Խաչատրյանին ներկայացնելիս հայտնեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը. «Մենք վերադառնում ենք հին համակարգին, որը ոչ միայն հնարավորություն կտա ավելի ճիշտ կազմակերպել մեր աշխատակազմերի աշխատանքները, այլ նաև կհանգեցնի դատարանների աշխատակազմերի աշխատավարձերի բարձրացմանը»,-նշեց Ջհանգիրյանը:
 
Բարձրագույն դատական խորհրդի տարածած հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ սա սպասվող միակ փոփոխությունը չէ: Առաջիկայում կլուծվի նաև դատավորների աշխատավարձերի բարձրացման և թոշակի հարցը. «Սոցիալական ապահովության հարցը կլուծենք և ոչ միայն դատավորների, այլ նաև քննչական և դատախազական մարմինների աշխատակիցների: Ավելին ասեմ՝ գիտեք, որ հիմա ՍԴ քննարկվում է Հակակոռուպցիոն դատարանի սահամանադրականության հարցը: Նախագծում նշված է այդ դատարանների դատավորների ավելի բարձր վարձատրության հարցը, որն էլ հենց վիճարկվում է: Ուզում եմ տեղեկացնել, որ աշնանը մենք կունենանք նախագիծ, որով դատավորների աշխատավարձերն էլ կբարձրանան: Եթե չհավասարվի Հակակոռոպցիոն դատարանի դատավորների աշխատավարձերին, ապա չնչին չափով ցածր կլինի»,- ասաց Ջհանգիրյանը:
 
Խորհրդի նախագահի պաշտոնակատարն այցելեց Սպիտակի, Թալինի, Մարալիկի, Ապարանի նստավայրեր, տեղում ծանոթացավ ինչպես շենքային պայմաններին, այնպես էլ աշխատակիցների խնդիրներին:
 
Հաջորդ հանդիպումը Շիրակի մարզում էր: Այստեղ դատարանի նոր նախագահ է նշանակվել Գոռ Հարությունյանը: ԲԴԽ նախագահի պաշտոնակատարն այցելեց Գյումրու և Մարալիկի նստավայրեր: Մարզում դատարանների շենքային պայմանների վերաբերյալ բողոքները փոքրաթիվ էին. փոխարենը աշխատակազմը համալրելու, դատարանի աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու, դատավորների քանակն ավելացնելու մասին հարցեր բարձրացվեցին: Քննարկում ծավալվեց նաև համակարգչի միջոցով գործերի բաշխման ծրագրի թերությունների և սպասվող փոփոխությունների շուրջ:
 
Գագիկ Ջհանգիրյանը մարզային այցի ընթացքում դատարանների կազմերին ներկայացրեց նաև Կարգադրիչների ծառայության նորանշանակ ղեկավար, գնդապետ Սուրեն Բաղդասարյանին: Խորհրդի նախագահի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ քննարկվում է Կարգադրիչների ծառայության աշխատակիցների լիազարությունների ընդլայնման հարցը՝ դատարանների անվտանգային խնդիրները լուծելու համար:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play