Ավարտվեց սփյուռքահայ պատանիների «Քայլ դեպի տուն» 2021 ծրագիրը
17-08-2021 14:40:46 | Հայաստան | Մշակույթ
Հունիսի 21-ից օգոստոսի 13-ը մեր գրասենյակը հյուրընկալեց 25 երկրներից ժամանած 13-18 տարեկան 360 սփյուռքահայ պատանիների՝ նպատակ ունենալով պահպանել և զարգացնել նրանց ազգային ինքնությունը:
«Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի հետ համագործակցությամբ՝ սփյուռքահայ երիտասարդները 14 շարունակ եղան հայրենիքում՝ սովորելով մայրենին, պատմությունը, հայկական երգն ու պարը, շրջելով և բացահայտելով ողջ Հայաստանը, տեղեկանալով հայրենիքում կրթական հնարավորություններին, ձեռք բերելով բազմաթիվ ընկերներ և նոր ծանոթություններ:
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը փակման արարողության ընթացքում վստահություն հայտնեց, որ հայրենիքում անցկացրած այս ամառը շրջադարձային կլինի մասնակիցների համար: Փակման արարողության ընթացքում երիտասարդները երգեցին, պարեցին, կիսվեցին իրենց տպավորություններով և վառեցին ավանդական դարձած շուրջպարի խարույկը: Ծրագրի փակմանը մասնակցում էին մի շարք պաշտոնյաներ, ինչպես նաև գործընկեր կառույցների ներկայացուցիչներ:
«Քայլ դեպի տուն» 2022-ի հայտադիմումները կընդունվեն 2022 թվականի առաջին եռամսյակում: Ծրագրի մասին առավել մանրամասն տեղեկատվությունների համար այցելեք գրասենյակի կայքէջ՝ http://diaspora.gov.am/hy/programs/24/qayl_depi_tun:
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մասին
Հիմնվելով 2019 թվականին՝ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը պատասխանատու է Հայաստան-սփյուռք հարաբերությունների զարգացման և իրականացման ռազմավարությունների և քաղաքականության մշակման համար: Այն ներառում է հայրենադարձության գործընթացի աջակցությունն ու խրախուսումը, հայրենադարձների ինտեգրման գործընթացի հեշտացումը, սփյուռքի ներուժի քարտեզագրումը և այլն: Գրասենյակը բաղկացած է տարբեր ստորաբաժանումներից, որոնցում ներգրավված են ներկայացուցիչներ սփյուռքի հայ համայնքներից: