Mercedes-Benz-Ի Մեքենաները Միմյանց Կզգուշացնեն Ճանապարհային Խոչընդոտների Մասին


Mercedes-Benz-Ի Մեքենաները Միմյանց Կզգուշացնեն Ճանապարհային Խոչընդոտների Մասին

  • 17-08-2021 15:10:35   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
ita.am. Mercedes-Benz ընկերությունն իր մեքենաների անվտանգությունը բարձրացնելու նպատակով անվտանգության Car-to-X համակարգում ավելացրել է ևս մեկ գործառույթ։ Այժմ մեքենաները կարող են ֆիքսել ճանապարհների վրա հանդիպող խոչընդոտները, հավաքել տեղեկատվությունը և ուղարկել դրանք Car-to-X համակարգ։
 
Այս տեղեկատվությունը կարող է օգտագործվել 2016 -ից հետո արտադրված բոլոր մոդելների վրա, ինչը մոտ 3 միլիոն մեքենա է կազմում:
 
 Խոչընդոտների հայտնաբերման նոր համակարգը, ի թիվս այլ վայրերի, փորձարկվել է Իմմենդինգենի փորձարարական և տեխնոլոգիական կենտրոնում (Test and Technology): Այնտեղ՝ 520 հա տարածքի վրա հասանելի են ավելի քան 30 տեսակի փորձարկման տարբեր ճանապարհներ:
 
Սկզբնական հատվածում խոչընդոտների մասին տեղեկության հավաքագրումը վստահված է C և S դասի նորագույն մոդելների մեքենաներին, ինչպես նաև EQS էլեկտրական մեքենաներին: Եթե ​​համակարգը հայտնաբերում է ամորտիզատորների հանկարծակի սեղմում և հետադարձում առջևի առանցքի վրա, իսկ հետո նույնը հետևի մասում, ապա բնութագրում է դա որպես ֆիզիկական խոչընդոտ: Այդ տեղի կոորդինատներն ավտոմատ որոշվում են, և տեղեկատվությունը ուղարկվում է Car-to-X-ի ամպ:
 
Այդուհետ, երբ Mercedes-Benz մակնիշի մեքենան մոտենա արդեն իսկ գրանցված ինչ-որ խոչընդոտի, բախումից ոչ ուշ, քան 10 վայրկյան առաջ, վարորդի էկրանին կհայտնվի նախազգուշացում: Կախված խոչընդոտի բնույթից, դա կարող է լինել «Ճանապարհային պատահար», «Զգուշացե՛ք, փոս» կամ «Ուշադրությո՛ւն, պառկած ոստիկան» ազդանշաններից մեկը: Հաղորդագրությունները ցուցադրվում են Car-to-X- ի կողմից աջակցվող 36 լեզուներով:
 
Տվյալ ծառայությունից օգտվելու համար վարորդը պետք է գրանցված լինի Mercedes me հավելվածում, ինչպես նաև ակտիվացնի «Car-to-X Communication» ծառայությունը և ունենա առցանց հասանելիություն։ Առաջին երեք տարիների ընթացքում ծառայությունն անվճար է մատուցվում, այնուհետև այն կարող է երկարաձգվել համապատասխան գումարի դիմաց կամ էլ անջատվել։
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ