Թուրքիան արգելել է հայկական թռիչքները. ինչո՞ւ Հայաստանը չի փոխադարձել


Թուրքիան արգելել է հայկական թռիչքները. ինչո՞ւ Հայաստանը չի փոխադարձել

  • 18-08-2021 13:02:58   |   |  Քաղաքական

 
Ես նոր տեղեկացա, որ Թուրքիայի կառավարությունը մեկ տարուց ի վեր արգելել է հայկական ինքնաթիռների մուտքն իր օդային տարածք: Այդ մասին օգոստոսի սկզբին բացահայտել է Hetq.am կայքի հետաքննող լրագրող Վահե Սարուխանյանը:
 
Ես զարմացա՝ լսելով այս լուրը: Ինչպե՞ս կարող է պատահել, որ թուրքական կառավարությունն արգելել է հայկական գրանցում ունեցող ինքնաթիռներին թռչել իր օդային տարածքով, և որևէ հայ պաշտոնյա չի բարեհաճել իրազեկել հանրությանն այդ մասին: Ավելի քան զարմանալի է, որ Թուրքիայի կողմից նման թշնամական գործողություն կատարելուց հետո մի ամբողջ տարի, հատկապես վերջին պատերազմի ժամանակ, Հայաստանի կառավարությունը չի փոխադարձել՝ արգելելով թուրքական թռիչքները հայկական տարածքով:
 
Հայկական ինքնաթիռի վերջին թռիչքի թույլտվությունը Թուրքիայի կողմից եղել է 2020 թ․  օգոստոսի 29-ին: 2020 թ․ սեպտեմբերի 9-ից սկսած՝ Թուրքիան արգելել է բոլոր հայկական թռիչքները իր երկնքով: Հետաքրքիր է, որ դա եղել է Արցախի վրա ադրբեջանական և թուրքական համատեղ հարձակումից կարճ ժամանակ առաջ: Հետագայում Թուրքիան մերժեց հայկական օդային թռիչքների խնդրանքը 2020 թ․ սեպտեմբերի 18-ին և 25-ին և 2021 թ․ մարտի 19-ին ու 23-ին:
 
«Հետք» -ի թղթակիցը կապ հաստատեց Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ՝ հետաքրքրվելու, թե արդյոք անցած տարվա պատերազմի ընթացքում և դրանից հետո Հայաստանն ու Թուրքիան սահմանափակումներ դրել են իրենց փոխադարձ օդային տարածքների վրա: «Կոմիտեն պատասխանեց, որ Թուրքիան չի հրապարակել որևէ տեղեկատվություն օդագնացության մասին (NOTAM) [տեղեկացում օդաչուներին], որն արգելում է հայկական գրանցում ունեցող ինքնաթիռների մուտքն իր երկինք»: Այլ կերպ ասած, Թուրքիան մերժել է հայկական թռիչքների իրավունքները՝ առանց որևէ պաշտոնական առարկություն գրանցելու: Այսպիսով, Թուրքիան Հայաստանի ցամաքային շրջափակմանն ավելացրեց օդային ճանապարհորդության արգելքը:
 
«Հետք»-ի այն հարցին, թե արդյոք «Հայաստանն արգելե՞լ էր թուրքական ազգային ինքնաթիռների մուտքը, և եթե ոչ, ապա ինչու, Կոմիտեն պատասխանել է, որ որևէ սահմանափակում չի դրել՝ ղեկավարվելով Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիայի 9-րդ հոդվածի (բ) ենթակետի դրույթներով առ այն, որ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) յուրաքանչյուր անդամ-պետություն չի կարող կիրառել խտրական մոտեցում իր օդային տարածքի օգտագործման նկատմամբ»: Սա որոշ չափով սխալ է: 9-րդ հոդվածի (բ) ենթակետը սահմանում է, որ երկրները կարող են սահմանափակել իրենց օդային տարածքի օգտագործումը «այն պայմանով, որ նման սահմանափակում կամ արգելք կիրառվի առանց ազգության տարբերության բոլոր մյուս պետությունների օդանավերի նկատմամբ»: Ինչպե՞ս է օրինական, որ Թուրքիան արգելի հայկական ինքնաթիռները, և ոչ օրինական, որ դա անի Հայաստանը:
 
Ես հետևել եմ տարբեր օդանավերի երթուղիներին Հայաստանից, Ադրբեջանից և Թուրքիայից  flightradar24.com կայքում, որը ցույց է տալիս աշխարհի բոլոր թռիչքները և չորս հետաքրքիր դիտարկում արել.
 
1)    Թուրքական արգելքի հետևանքով հայաստանյան գրանցում ունեցող ոչ մի ինքնաթիռ չի անցել Թուրքիայի տարածքով վերջին 12 ամիսների ընթացքում:
2)    Թուրքական ավիաուղիները, սակայն, կանոնավոր թռիչքներ են իրականացնում հայկական օդային տարածքով դեպի Ադրբեջան և ավելի անդին:
 
3)    Թուրքիան չի խոչընդոտում այն օտարերկրյա օդանավային ընկերությունների թռիչքները, որոնք դեպի Հայաստան կամ Հայաստանից մեկնում են Թուրքիայի վրայով, հավանաբար, այդ օդանավային ընկերությունների կառավարությունների կողմից փոխադարձ արգելք չհրահրելու համար:
 
4)    Հայաստանն ու Ադրբեջանը չեն անցնում միմյանց օդային տարածքներով, չնայած ոչ մեկի կողմից պաշտոնապես գրանցված արգելք չի եղել:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ «ի վիճակի չէ վիճարկել թուրքական արգելքը միջազգային օդանավային մարմիններում: Հայաստանի արտգործնախարարությունը չի պարզաբանել, թե արդյոք զբաղվել է այդ հարցով»։ Ցավոք, Կոմիտեն չբացատրեց, թե ինչու չի ցանկանում վիճարկել Թուրքիայի կողմից հայկական թռիչքների արգելքը: Սա մեծ ձախողում է հայ պաշտոնյաների կողմից:
 
Չնայած Հայաստանի ազգային շահերի պաշտպանության վերաբերյալ Հայաստանի կառավարության անփույթ վերաբերմունքին, Արցախյան պատերազմի ժամանակ թուրքական ինքնաթիռներն ինքնակամ խուսափեցին Հայաստանի վրայով թռչելուց՝ գերադասելով իրենց զինվորներին, ռազմական տեխնիկան և իսլամական ջիհադիստ ահաբեկիչներին Ադրբեջան տեղափոխել Վրաստանի Հանրապետության երկնքով:
 
Բազմաթիվ նման օրինակներ կան հայ պաշտոնյաների անփութության և անկարողության մասին, որ ստիպում է մտածել՝ արդյոք Հայաստանում գոյություն ունի գործող իշխանություն: Անցյալ աշնանից հրաժարական տվեցին Հայաստանի երկու իրար հաջորդող արտգործնախարարները: Նրանք չէին կարող ընդունել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ոչ պրոֆեսիոնալ վարքագիծը, որն արտաքին քաղաքականության վերաբերյալ բոլոր որոշումներն ընդունեց միակողմանիորեն՝ առանց ԱԳՆ-ի հետ խորհրդակցելու:
 
Ավելի զարմանալի է, որ վարչապետի պաշտոնում Փաշինյանի վերանշանակումից հետո նա այդպես էլ նոր արտգործնախարար չնշանակեց, չնայած պետք է նախարարների խորհուրդը ձևավորեր նշանակվելուց հետո հինգ օրվա ընթացքում, վերջնաժամկետ, որն արդեն վաղուց անցել է: ԱԳՆ խոսնակը պարզաբանեց, որ հնգօրյա պահանջը վերաբերում է նախարարների երկու երրորդի նշանակմանը, այլ ոչ թե ամբողջ խորհրդին: Սակայն խոսնակը չկարողացավ բացատրել, թե ինչու Փաշինյանին հաջողվել է նշանակել մյուս բոլոր նախարարներին, բայց ոչ արտգործնախարարին։ Թվում է, թե հաշվի առնելով պատերազմից հետո Հայաստանում տիրող ճգնաժամային իրավիճակը, արտգործնախարարի նշանակումը պետք է լիներ նրա հիմնական առաջնահերթություններից մեկը:
 
Քանի որ Փաշինյանն անտեսել է նախորդ երկու արտգործնախարարների գործունեությունը, ես առաջարկում եմ, որ վարչապետ լինելուց բացի ինքն իրեն նաև նշանակի որպես արտգործնախարար: Ավելին, քանի որ վարչապետը միանձնյա է ղեկավարում կառավարությունը, նա պետք է ազատվի նաև մնացած նախարարներից՝ հաստատելով միանձնյա իշխանություն: Կառավարության բոլոր երեք ճյուղերը՝ գործադիր, օրենսդիր և դատական, գտնվում են վարչապետի ձեռքում: Երկրի նախագահը որոշումներ կայացնելու լիազորություններ չունի: Նա ձևական ղեկավար է։
 
Խորհրդարանը, որտեղ մեծամասնությունը բաղկացած է Փաշինյանի կուսակցությունից, ըստ էության, այն մարմինն է, որը պարզապես կատարում է նրա ցանկությունները: Դատական համակարգը ևս վարչապետի խիստ ազդեցության տակ է: Այսպիսով, չկա իշխանությունների տարանջատում, ինչը ժողովրդավարական կառավարման առանցքային սկզբունքներից մեկն է:
 
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր՝ Հարութ Սասունյան
 
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play