Հրատապ. ի՞նչ են արել ուսուցիչները. բաց նամակ


Հրատապ. ի՞նչ են արել ուսուցիչները. բաց նամակ

  • 18-08-2021 18:56:09   | Հայաստան  |  Հասարակություն

 
Հարգելի ուսուցիչներ ջան, իրացնելով ՀՀ Սահմանադրության հոդված 25, կետ 4-ի մեր իրավունքը՝ միասնական ուժերով այս գրությունը ուղարկեցինք բոլոր վերադաս պատասխանատու մարմիններին. 
Ցանկալի է, որ պատասխանը լինի հնարավորինս շուտ՝ հաշվի առնելով հրատապությունը:
/Տեքստը՝ մեկնաբանության մեջ/
Սույն նամակը կազմվել է գրության մեջ նշված նախաձեռնության և ՀԿ-ի կողմից, սակայն այն բաց է և ցանկացողները կարող են միանալ, թողնել իրենց մեկնաբանությունները, կիսվել: Լրագրողներին խնդրում ենք ևս միանալ և լուսաբանել:
Շնորհակալություն:
 
------
 
Վերջերս Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ եթե ուսուցիչը չի պատվաստվում, պետք է երկու շաբաթը մեկ անգամ ՊՇՌ թեստ հանձնի, ինչպես նաև եթե դպրոցի աշխատակազմի 70 տոկոսը պատվաստված չէ Կորոնավիրուսային հիվանդության դեմ, ապա ուսումնական պրոցեսը կիրականացվի հեռավար տարբերակով։
Խնդրում ենք Ձեզ, պատասխանել մեր մի քանի հարցադրումներին:
1. Որքանո՞վ է օրինաչափ, երբ հիվանդության դեմ պատվաստումը կատարվում է անվճար, իսկ երկու շաբաթը մեկ անգամ ՊՇՌ թեստ հանձնելու համար ուսուցիչը պետք է իր աշխատավարձից վճարի միջինում 28-30 հազար դրամ։
2. Բարձր մակարդակներով հայտարարվել է, որ հիվանդության դեմ պատվաստումը չի բացառում վարակվելու հավանակությունը, և առօրյայում հանդիպում ենք դեպքերի, երբ պատվաստումից հետո անձը վարակվում է հիվանդությամբ և նույն բարդությունները առաջանում են նրա մոտ։ Այս դեպքում ինչպե՞ս է կազմակերպվելու դասապրոցեսը, երբ պատվաստված ուսուցիչները նույնպես վարակվեն հիվանդությամբ։ Վարակակիր լինելու դեպքում արդյո՞ք պատվաստված ուսուցիչը շարունակելու է անխափան իրականացնել դասապրոցեսը, թե՞ կարանտինային փուլում է գտնվելու:
3. Ի՞նչ երաշխիքներ են տրվում պետության կողմից, որ պատվաստումից հետո անձի մոտ չի առաջանալու որևէ առողջական խնդիր կամ ազդեցություն չի ունենալու հետագա առողջական վիճակի վրա։
4. Ժամանակի ընթացքում ի հայտ են գալիս Կորոնավիրուսային հիվանդության նոր տեսակներ։ Պարբերաբար ասվում է նաև, որ հիվանդության նոր ալիքը հավանական է լինի նոր շտամով։ Որքանո՞վ արդյունավետ կարող են լինել ներկայումս առկա պատվաստանյութերը նոր ի հայտ եկող տեսակների դեմ և ի՞նչ կանխարգելիչ ազդեցություն կարող է ունենալ այն։
5. Կա՞ն որևէ հակացուցումներ պատվաստումների դեմ, և եթե այո, խնդրում ենք տրամադրել այդ հակացուցումների վերաբերյալ տեղեկատվություն և ցանկը։ Եվ հակացուցումների հայտնաբերման դեպքում արդյո՞ք անվճար հետազոտություններ անցկացվում են, թե՞ ոչ։
6. Եթե մինչև դասապրոցեսի մեկնարկը ուսուցիչը չպարզի ունի հակացուցումներ թե ոչ, արդյո՞ք կարող է առանց պարտադիր պատվաստման ներառվել դասապրոցեսում։
7. Ինչու՞ որպես կանխարգելիչ միջոցառում չի իրականացվում առողջ ապրելակերպի քարոզ և խրախուսում։ Օրինակ՝ առողջ սննդակարգի հանրայնացումը և մարզանքը։
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն