Եռակողմ հայտարարությանը 10 ամիսը․ որ դրույթներն են կատարված, իսկ որոնք՝ ոչ


Եռակողմ հայտարարությանը 10 ամիսը․ որ դրույթներն են կատարված, իսկ որոնք՝ ոչ

  • 20-08-2021 20:28:56   | Հայաստան  |  Քաղաքական

Շուտով կլրանա 2020 թվականի նոյեմբերի 9-ի՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ստորագրված եռակողմ հայտարարության 10-րդ ամիսը, որով ավարտվեց 44-օրյա պատերազմն Արցախում:
 
Մոսկվայի ժամանակով նոյեմբերի 9-ի ուշ երեկոյան, իսկ Հայաստանի ժամանակով արդեն նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարությունը, բացի ռազմական գործողությունները դադարեցնելուց, ուներ մի շարք այլ դրույթներ ևս, որոնցից որոշները մինչև օրս չեն կատարվել կամ կատարվել են մասնակի:
 
Դեռևս անցած տարվա դեկտեմբերի 22-ին՝ եռակողմ հայտարարության ստորագրումից շուրջ 40 օր անց, «Իրազեկ քաղաքացիների միավորումն» անդրադարձել էր այդ դրույթների կատարման ընթացքին, և այս հոդվածում կներկայացնենք, թե ինչ փոփոխություններ են եղել այդ ժամանակից ի վեր:
 
Հայտարարության 9 կետերը
 
2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը բաղկացած էր հետևյալ 9 կետերից: 
 
1․ Նոյեմբերի 10-ին, մոսկովյան ժամանակով 00։00-ից հակամարտության գոտում պետք է հաստատվի ամբողջական հրադադար և ավարտվեն բոլոր ռազմական գործողությունները, իսկ կողմերը պետք է կանգ առնեն այն դիրքերում, որտեղ այդ պահին գտնվում են,
 
2․ Մինչև նոյեմբերի 20-ն Աղդամի շրջանը պետք է վերադարձվի Ադրբեջանին,
 
3․ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով պետք է տեղակայվի Ռուսաստանի խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա,
 
4․ Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը պետք է տեղակայվի Հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ։ Ընդ որում, խաղաղապահ զորակազմը պետք է տեղակայվի 5-ամյա ժամկետով, որը հետագայում կարող է երկարաձգվել ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը տվյալ ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին,
 
5․ Պետք է ստեղծվի խաղաղապահ կենտրոն, որը կվերահսկի համաձայնագրերի կատարումը,
 
6․ Հայաստանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը Ադրբեջանին պետք է վերադարձնի Քելբաջարի շրջանը, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը։ Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդ որում շրջանցելով Շուշի քաղաքը, մնալու է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո: Միևնույն ժամանակ, առաջիկա երեք տարում պետք է հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար: Ադրբեջանը, իր հերթին, պետք է երաշխավորի Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով,
 
7․ Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո պետք է վերադառնան Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ,
 
8․ Պետք է տեղի ունենա ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում,
 
9․ Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը պետք է ապաշրջափակվեն: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունը պետք է իրականացնեն ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները: Բացի սա, կողմերի համաձայնությամբ, պետք է ապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և Ադրբեջանի արևմտյան շրջանները կապող տրանսպորտային նոր ուղիների շինարարությունը։
 
Իրավիճակը
 
Այսպես, նոյեմբերի 9-ի հայտարարությունից շուրջ տասն ամիս անց ամբողջությամբ կատարվել են թերևս միայն այն կետերը, որոնք վերաբերում էին հայկական կողմի տարածքային զիջումներին: Մասնավորապես, հայտարարության համաձայն հայկական ուժերը լքել են Աղդամի, Քելբաջարի և Լաչինի շրջանները: Կատարվել են նաև Արցախում շփման գծի երկայնքով ռուս խաղաղապահների տեղակայմանը և նրանց վերահսկողությամբ Լաչինի շրջանով Հայաստանն ու Արցախը կապող միջանցքին վերաբերող կետերը:
 
Իրավիճակը, սակայն, բոլորովին այլ է այն դեպքերում, երբ պարտավորությունները վերաբերում են ոչ միայն Հայաստանին, այլ նաև Ադրբեջանին:
 
Մասնավորապես, ի հեճուկս եռակողմ հայտարարության 8-րդ կետի, որով պետք է տեղի ունենար ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում, Ադրբեջանը դեռ շարունակում է իր մոտ պահել որոշակի թվով հայ ռազմագերիների՝ ներկայացնելով նրանց անհիմն մեղադրանքներ և հարուցելով շինծու քրեական գործեր: Չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին ու հորդորներին, Ադրբեջանը, փաստացի, հրադադարի հաստատումից հետո անընդհատ ձգձգել ու բարդացրել է հայ գերիների վերադարձման գործընթացը՝ դարձնելով դա այլ հարցերի շուրջ սակարկումների և շահարկումների առարկա: Մասնավորապես, որոշ հայ գերիներ հայրենիք են վերադարձել միայն այն բանից հետո, երբ Հայաստանն Ադրբեջանին է հանձնել առանձին շրջանների ականապատման քարտեզներ:
 
Նույնքան ապակառուցողական մոտեցում ունի Ադրբեջանը նաև հրադադարի ռեժիմի պահպանման հարցում: Թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի սահմաններին ադրբեջանական կողմը պարբերաբար դիմում է սադրանքների, իսկ Արցախում տեղակայված խաղաղապահները օգոստոսի 11-ին արձանագրել են, որ հրադադարի ռեժիմը խախտել է Ադրբեջանը՝ կիրառելով հարվածային անօդաչու թռչող սարքեր:
 
Հատկանշական է, որ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարածքային սպառնալիքների ֆոնին բավական տևական ժամանակով փաստացի սառեցվել էր եռակողմ հայտարարության 9-րդ կետի իրագործումը:
 
Ինչպես հայտնի է, այս տարվա հունվարի 11-ին Մոսկվայում տեղի էր ունեցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպում, որի ընթացքում ընդունվել էր համատեղ հայտարարություն տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին, համաձայն որի, պետք է ստեղծվեր եռակողմ աշխատանքային խումբ՝ երկրների փոխվարչապետերի գլխավորությամբ, որի փորձագիտական ենթախմբերը պետք է մշակեին ու ներկայացնեին ապաշրջափակման քայլերն ու միջոցառումները:
 
Ու թեև այդ աշխատանքային խումբն իրոք ստեղծվեց ու նույնիսկ ունեցավ նիստ, այնուամենայնիվ, դրա գործունեությունը դեռ ոչ մի արդյունք չի տվել: Փոխարենը, Ադրբեջանը, մայիսին ներխուժելով Հայաստանի տարածք Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում, սկսեց ակտիվորեն շրջանառել, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի գաղափարը, որով Ադրբեջանը պետք է կապվի Նախիջևանի և հետևաբար նաև Թուրքիայի հետ:
 
Հայկական կողմը խստորեն դեմ է արտահայտվում որևէ հատուկ կարգավիճակով միջանցքի տրամադրմանն Ադրբեջանին՝ պնդելով, որ տարածաշրջանի ապաշրջափակումը պետք է տեղի ունենա ճանապարհային ու երկաթուղային ենթակառուցվածքների և սահմանային անցակետերի միջոցով: Եվ միայն օգոստոսի 17-ին հայտնի դարձավ, որ տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի նախագահությամբ աշխատանքային խմբի ևս մեկ նիստ, որի ընթացքում կողմերը դիտարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման հեռանկարները և «քննարկել Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության շրջանակներում իրականացվող աշխատանքների հետագա ընթացքը»։
 
Ինչ վերաբերում է եռակողմ հայտարարության մյուս կետերին, ապա նշենք, որ ի փոփոխություն մեր նախորդ հրապարակման, հստակեցվել է հայտարարության 5-րդ կետի շուրջ իրավիճակը, և ներկայում ռուս-թուրքական խաղաղապահ կենտրոն է գործում Աղդամում:
 
Հայտարարության մյուս՝ ներքին տեղահանված անձանց և փախստականների վերադարձին վերաբերող կետի շուրջ, սակայն, հստակություն չկա, և ներկայում էլ պարզ չէ, թե արդյո՞ք Արցախի գրավյալ շրջանների՝ Հադրութի և Շուշիի բնակիչները կարողանալու են վերադառնալ իրենց տներ, թե՞ ոչ:
 
Այսպիսով, կարելի է արձանագրել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կետերի՝ Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող կետերի հարցում Ադրբեջանը դրսևորում է ապակառուցողականություն, այնինչ Հայաստանի կողմից ստանձնված պարտավորությունները վաղուց կատարված են:
 
Վահե Ղուկասյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական