Արդյո՞ք ՔԿ֊ն չի խորհրդակցել ՊՆ-ի հետ, և արդյո՞ք նման տեղեկություններն է՛լ ավելի չեն վարկաբեկում ԶՈւ֊ն

Արդյո՞ք ՔԿ֊ն չի խորհրդակցել ՊՆ-ի հետ, և արդյո՞ք նման տեղեկություններն է՛լ ավելի չեն վարկաբեկում ԶՈւ֊ն

  • 23-08-2021 18:20:57   | Հայաստան  |  Իրավունք

ՆՊԱՏԱԿԱՈՒՂՂՎԱ՞Ծ
 
Իրավապահ մարմիններն այնպիսի մանրամասներ են այսօր հաղորդել վերջերս մահացած երեք զինվորների սպանության հանգամանքների վերաբերյալ, որ պարզապես անառողջ ես համարում նման տեղեկատվության հրապարակայնացումը։
Քննչականը տեղեկացնում է, որ տվյալներ են ձեռք բերվել ևս մեկ ժամկետային զինծառայողի՝ դիրքի ավագի՝ դեպքին առնչություն ունենալու վերաբերյալ: Վերջինս ձերբակալվել է ապօրինաբար դիտավորությամբ զինծառայողներին կյանքից զրկելուն դրդելու և ծառայակցի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով: 
Հիմա հարց. 
արդյո՞ք անհրաժեշտ էր նման բարոյալքված վիճակում գտնվող ուժերի վերաբերյալ նման մանրամասներ հրապարակելը։ Արդյո՞ք այս տեղեկություններն է՛լ ավելի չեն վարկաբեկում ԶՈւ֊ն։ Արդյո՞ք նման թափանցիկություն կոչվածն արդարացված է մերօրյա իրականության պայմաններում։ Արդյո՞ք ՔԿ֊ն չի խորհրդակցել ՊՆ հետ` այս մանրամասնությունը հրապարակային դարձնելու մասով։
Բացի դա, այս զազրելի մանրամասնությունն այժմ որսալու են թշնամական տեղեկատվական հոսքերն ու այն դարձնելու են դրոշակ` ամենաբացասական երանգավորմամբ։
Այո, ես պնդում եմ, որ տեղեկատվությունը (հանրային նշանակություն ունեցողն առավելապես) պետք է բաց լինի, բայց նման կերպ նսեմացնել զինվորի կերպարն այս փուլում անթույլատրելի է։
Մենք չունենք պետական տեղեկատվական քաղաքականություն մշակողներ ու համակարգողներ։ Սա մեր պարտության պատճառներից մեկն է։ Չպիտի այս փուլում հայտարարվեր քրգործի նման նյուանսի մասին։ Եվ, արդյո՞ք այս մութ ու նողկալի ճշմարտությունը բացելը կոնկրետ նպատակ ուներ։
 
Ենթադրում եմ։
 
ՀԳ
Սրա մասին խոսում եմ, որովհետև արդեն բազմաթիվ հրապարակումներ կան ԶԼՄ֊ներում և լայն հանրությունն արդեն տեղյակ է ՔԿ հաղորդագրության բովանդակությունից։ Ինքս հավելյալ խնդիր կամ նպատակ չունեմ շրջանառել այս լուրը։ Այն արդեն հայտնի է։
ՀԳԳ 
Գերատեսչություններում հենց նման դեպքերի համար կան տեղեկատվական կամ լրատվական մասի պատասխանատուներ, որոնք սթափ պետք է գնահատեն` արժի՞ արդյոք հրապարակայնացնել նման բաները, թե ոչ։ Եթե, իհարկե, վերևներից հստակ հրահանգ չկա...
 
 
 
Նոյյան տապան   -   Իրավունք