Հայաստանի շուրջ պնդօղակը սեղմվում է. ի՞նչ շահեր է սպասարկում այս խորհրդարանը

Հայաստանի շուրջ պնդօղակը սեղմվում է. ի՞նչ շահեր է սպասարկում այս խորհրդարանը

  • 26-08-2021 13:26:03   | Հայաստան  |  Քաղաքական

Մինչ երեկ ԱԺ-ում մարտեր էին ընթանում և շրջանառվում էր բարոյազուրկ խոսույթ, թշնամին, փաստորեն, փակեց Հայաստանը Իրանին կապող ռազմավարական նշանակության ճանապարհի մի հատվածը` լուծելով իր համար շատ կարևոր և ստեղծելով մեր համար կենսական խնդիր։ Այսօր խորհրդարանում, կարծես, կրքերը հանդարտվել են` բախումներ չկան, խոսույթն էլ հանդուրժողական է։ Կամա, թե ակամա հարց է առաջանում` ի՞նչ շահեր է սպասարկում այս խորհրդարանը։ Կարո՞ղ է այն լուծել այս կարևորագույն խնդիրը։ Բարդագույն հարց է։ Եթե ադրբեջանական կողմը փակել է ճանապարհը, ապա այն բացելու համար, անկասկած, նոր պայման է առաջ քաշելու, այսինքն` նոր զիջում է պարտադրելու։ 
 
Հիշեցնեմ, որ ԵՄ 2,6 միլիարդի օժանդակության առաջարկը նախատեսում էր նաև որոշ ծավալով ներդրումներ Սյունիքի հաղորդուղիների մեջ։ Հնդկաստանը նույնպես հեռանկարային առաջարկով էր հանդես գալիս։ Պարզ է, որ այս պայմաններում դրանք առկախվելու են, քանի որ դրանք վիժեցնելը թշնամու համար ռազմավարական խնդիր է, ինչը նա փորձում է լուծել։ 
Ադրբեջանի այսօրինակ գործողությունները կանխատեսելի էին (այսպիսի սցենարի մասին ասել եմ դեռ ամիսներ առաջ), և սա էր պատճառը, որ Հայաստանի համար ԵՄ առաջարկին արագ արձագանքելը և այն օր առաջ գործնականացնելը հույժ կարևոր էին` մինչդեռ մենք սպասում և հապաղում էինք, կազմակերպում էինք ընտրություններ և չունեինք արտգործնախարար։ Ավելին` ուշադրություն դարձնենք այն բանին, որ եթե մենք խոսում ենք հաղորդուղիների ապաշրջափակման մասին, ապա ադրբեջանական կողմը հակառակը` փակում է դրանք։ Այսինքն` նրա նպատակը բացառապես իր շահերի սպասարկումն է և ոչ ավելին։
Եվ վերջում` Հայաստանի շուրջ պնդօղակը, ցավո՛ք, սեղմվում է։ 
Ասել եմ և կրկնեմ` քանի դեռ Հայաստանի արտաքին քաղաքականությունը չի դիվերսիֆիկացվելու և հավասարակշռվելու, այսպիսի "անակնկալները" լինելու են շարունակական։
 
քաղաքագետ
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական