Սյունիքի մարզի շրջափակման մեջ մնացած երեք գյուղերի բնակիչների առաջին անհրաժեշտության խնդիրները լուծվում են
27-08-2021 18:46:58 | Սյունիքի մարզ | Իրավունք
Սյունիքի մարզի՝ շրջափակման մեջ մնացած երեք գյուղերի՝ Շուռնուխի, Որոտանի ու Բարձրավանի բնակիչների առաջին անհրաժեշտության խնդիրները լուծվում են․ Արտակարգ իրավիճակների նախարարության միջոցով մատակարարվում են սնունդ ու առաջին անհրաժեշտության պարագաներ։ Սահմանապահները ևս ներգրավված են այդ աշխատանքներին։ Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի հարցով միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը։
«Մենք էլ տեղում փորձում ենք համակարգել աշխատանքները, հրատապ լուծման ենթարկա խնդիրները տեղում լուծել։ Ես Շուռնուխում էի նախորդ 24 ժամվա ընթացքում, այնտեղ կազմակերպում էինք սննդի ու առաջին անհրաժեշտության պարագաների ապահովումը։ Մարդիկ գյուղապետարանում տեղեկացնում են, թե իրենց ինչ է անհրաժեշտ, այդ ինֆորմացիան փոխանցվում է մարզպետարան, և մեր աշխատանքային խմբի շրջանակներում այդ ամենը ֆինանսավորվում է։ Առավոտյան ու երեկոյան մեքենաները կհասցնեն անհրաժեշտ պարագաները»,- ասաց Ղուկասյանը։
Նրա խոսքով, մասնավորապես, դեպի Շուռնուխ շրջանցիկ ճանապարհը շատ վատ վիճակում է, հեշտ ճանապարհ չէ։ Ռոբերտ Ղուկասյանի խոսքով՝ համայնքներում բնակիչների մոտ անորոշություն կա, հարցադրում են անում՝ ի՞նչ է լինելու։ «Բայց մարդիկ ապրում են իրենց տեղում, որևէ միտում չկա, որ Շուռնուխից, Որոտանից ու Բարձրավանից մարդիկ ցանկանում են այս պահին դուրս գալ։ Կարևորը մարդիկ միասնական են, բոլոր մարտահրավերներին միասնական դիմադրում են, ես դա եմ նկատում այդ համայնքներում։ Իսկ երբ ազգը միասնական է, շատ դժվար է կոտրել։ Ադրբեջանական կողմն իր գործողություններով կոպտորեն խախտել է Սյունիքի համայնքների բնակիչների իրավունքները։ Մենք ամեն ինչ անում ենք, որ այս պահին հրատապ համարվող առաջին անհրաժեշտության խնդիրները լուծենք»,- հավելեց նա։