Եվրոպական միությունը և ԱՀԿ-ն Հայաստանին են տրամադրում պատվաստանյութերի պահպանման համար նախատեսված բժշկական սառցարաններ


Եվրոպական միությունը և ԱՀԿ-ն Հայաստանին են տրամադրում պատվաստանյութերի պահպանման համար նախատեսված բժշկական սառցարաններ

  • 28-08-2021 11:47:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Եվրոպական միությունը և ԱՀԿ-ն ՀՀ առողջապահության նախարարությանն են փոխանցել պատվաստանյութերի պահպանման համար նախատեսված 30 սառցարաններ՝ ապահովելու բավարար պայմաններ պատվաստանյութերի պահպանման համար։
 
Պատվաստանյութերի սառցարաններն ապահովում են կայուն ջերմաստիճան, ինչի արդյունքում այն չի փչանում և ապահովում է համապատասխան իմունային արձագանք պատվաստվողի մոտ։ Եվրոպական միությունը և ԱՀԿ-ն աջակցում են ՀՀ Կառավարությանը՝ ապահովելու պատվաստանյութի բավարար քանակ և համապատասխան պայմաններ բնակչության անվտանգ պատվաստման և այդպիսով՝ համավարակի ավելի արագ հաղթահարման համար։
 
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Յան Պլեշինգերը, ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, ԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Օլեգ Ստորոժենկոն և ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Ելենա Միլոշևիչն այցելել են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն՝ սարքավորումների նոր խմբաքանակը ստանալու համար:
 
«ԵՄ-ն պատիվ ունի ԱՀԿ-ի հետ համատեղ աջակցություն ցուցաբերել Հայաստանին` առողջապահության ոլորտի կարողությունների հզորացման և COVID-19 համաճարակի հաղթահարման նպատակով: Սառցարանները կօգտագործվեն պատվաստանյութերն ու այլ բժշկական արտադրանքը կայուն ջերմաստիճանում պահելու համար՝ ապահով պահեստավորման հնարավորություն ստեղծելով հօգուտ Հայաստանի քաղաքացիների: Մենք պետք է համբերատար շարունակենք պայքարը այս համաճարակի դեմ», - նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Յան Պլեշինգերը։
 
 «Թեև վերջին տարիների ընթացքում տարբեր կազմակերպությունների աջակցությամբ վերազինվել են առաջնային պահպանման օղակի բուժհաստատությունները, բայց նվիրաբերված սառցարանների շնորհիվ հնարավոր կլինի էլ ավելի արդյունավետ կազմակերպել ներկայիս ծանրաբեռնված պատվաստումային գործընթացը», - նշել է Լենա Նանուշյանը` հավելելով, որ ԵՄ-ն և ԱՀԿ-ն մշտապես Հայաստանի կառավարության կողքին են՝ համաճարակն հաղթահարելու ջանքերում:
 
Եվրոպական միությունը և ԱՀԿ-ի Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակը համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում տրամադրում են աջակցություն Հայաստանում COVID-19 պատվաստանյութերի և պատվաստումների տեղակայման և պատվաստումների համակարգի հզորացման հարցերում: Ծրագրի շրջանակում առաջնային պահպանման բժշկական հաստատություններին է տրամադրվել առաջնային բուժօգնության 1000 հավաքածու։
 
«Մենք կարևորում ենք առաջնային պահպանման օղակի հաստատությունների և մարզային կենտրոնների վերազինումը համապատասխան սարքավորումներով, որոնք անհրաժեշտ են COVID-19 պատվաստման հաջող իրականացման համար։ Համագործակցելով մեր ազգային գործընկերների հետ՝ մենք նաև աշխատում ենք բժշկական անձնակազմի կարողությունների զարգացման, առաջնային պահպանման օղակի, ինչպես նաև ընդհանուր ազգաբնակչության՝ COVID-19-ի պատվաստաման վերաբերյալ տեղեկացվածության բարձրացման ուղղությամբ։»,- հավելեց ԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Օլեգ Ստորոժենկոն։
 
Ընդհանուր տեղեկություններ 
 
Եվրոպական միությունը և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակը միավորում են ջանքերը՝ աջակցելու Արևելյան գործընկերության վեց երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայի հանրապետությունում և Ուկրաինում COVID-19-ի դեմ պատվաստանյութերի բաշխմանը և պատվաստումների իրականացմանը: Եվրամիության կողմից ֆինանսավորվող և ԱՀԿ-ի կողմից իրականացվող ծրագիրը կներառի COVID-19-ի դեմ պատվաստանյութերի բաշխման և պատվաստումների իրականացման բոլոր փուլերը և կծառայի որպես խոշոր ներդրում` պատվաստումների համակարգը հզորացնելու համար:
 
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել՝
 
Լուսինե Ղուկասյանին, ԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակի հանրային կապերի հարցերով խորհրդատու (+374 94 64 22 21):
 
Տեղեկությունների աղբյուր լրագրողների համար
 
COVID-19-ի մասին ինտերակտիվ վահանակների միջոցով վիճակագրական թարմ տվյալներ ստանալու համար այցելեք ԱՀԿ կենտրոնակայանի և ԱՀԿ/Եվրոպայի կայքեր, որոնք իրական ժամանակում մանրամասն տեղեկություններ են տրամադրում տիրող իրավիճակի վերաբերյալ:
 
Հանրության համար COVID-19-ի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար խնդրում ենք այցելել ԱՀԿ կայք:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն