Բաքուն ու Մոսկվան գնալով սկսում են ավելի ու ավելի «չհասկանալ» միմյանց, ինչը և՛ հնարավորություն, և՛ ռիսկ է Երևանի համար


Բաքուն ու Մոսկվան գնալով սկսում են ավելի ու ավելի «չհասկանալ» միմյանց, ինչը և՛ հնարավորություն, և՛ ռիսկ է Երևանի համար

  • 31-08-2021 17:40:49   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Հանրային խորհրդի նախկին նախագահ, վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
 
«Բաքուն ու Մոսկվան գնալով սկսում են ավելի ու ավելի «չհասկանալ» միմյանց, ինչը և հնարավորություն, և ռիսկ է Երևանի համար
 
Ինչպես և կանխատեսվում էր՝ նոյեմբերի 9-ից հետո «գործարկվեց» ռուսական պլանի բովանդակային մասը, որն ի տարբերություն տարածքային մասի /շրջանների վերադարձ և նոր շփման գծով ստատուս քվոյի ամրագրում/, այդքան էլ տեսանելի չէր շատերի համար։ Խոսքը վերաբերում է Վ․Պուտինի նկարագրած «կողմերի ստրատեգիական շահերին բավարարող լուծման փնտրտուքին ու դրանց բալանսավորմանը»։ Ըստ էության՝ այս մտքի տակ թաքնված է շատ պարզունակ բանաձև՝ «կողմերից որ մեկը գալիք տարիներին իրեն հնազանդ, հավատարիմ կպահի՝ ռուսական ուղեծրում ավելի մերձենալով իրեն, նա էլ կպարգևատրվի ու կստանա մրցանակը»։
 
Ադրբեջանում «հաղթողական» տրամադրությունները ու թուրքական շարունակվող աջակցությունը ու «մեկ ազգ+երկու պետությունների» հարաբերությունների խորացումը մի կողմից, նոյեմբերի 10-ից հետո արբունքից ադրբեջանցիների սթափվելն ու սեփական տարածքում անորոշություններով լի ռուսական անվտանգային ճարտարապետության «հմայքն» ու փաստացի ռուսական ռազմաբազայի «ռազմավարական ծանրության» գիտակցումը մյուս կողմից, իսկ երրրոդ կողմից էլ՝ ապաշրջափակման գործընթացի տակ իր «զինաթափումը» /ի վերջո, Հայաստանի ու Արցախի շրջափակումը հայկական կողմի վրա բազմամյա օգտագործման զենք էր Բաքվի ձեռքում/ զգալը օբյետիվորեն բերելու էին ու բերեցին Մոսկվա-Բաքու առանցքով լարվածության առաջացման։ 
 
Այդ լարվածությունը, ինչպես ռիսկեր, այնպես էլ հնարավորություններ է բացում հայկական կողմի համար, քանի որ մի կողմից Բաքու-Մոսկվա առանցքով անջրպետի հետագա խորացումը կարող է ապագայում երբևէ հայկական կողմին կրկին դարձնել «մրցանակակիր», բայցև պատմության դառը ուժով այդ լարվածությունը կարող է նաև ավարտվել Բաքու-Մոսկավ առանցքով հայկական կողմի հաշվին հերթական գործարքով։ Այսպիսով, Արցախյան ու հայ-ադրբեջանական խնդրով անորոշությունների նվազեցումը /այդ թվում Արցախի վերջնական կարգավիճակի հարցով/ ամենևին Երևանից կախված չէ, և ուզենք թե չուզենք՝ որոշվելու է Բաքու-Մոսկվա առանցքի զարգացումներով, ինչպես որ Գորիս-Կապան ճանապարհի բացման հարցը որոշվեց։ Հետևաբար, նրանց հարաբերությունների տևական դինամիկայի մշտադիտարկումն ու ճշգրիտ գնահատումը Հայաստանի համար ռազմավարական, անվտանգային նշանակության հարց է։ Ու այս առումով՝ պետությունը չպետք է բավարարվի սոսկ սեփական ինստիտուտների թերի, կիսատ-պռատ կամ միակողմանի գնահատմամբ, այլ պետք է բազում պիլոտային ծրագրերի պատվեր տա մասնավոր հետազոտական կենտրոնների ու հետազոտողների։ 
 
Այս պահին, վերջին օրերի սոսկ մի քանի առանցքային զարգացումները կարևոր են անդրադարձի ու նախնական հետևությունների համար։
 
-Արձանագրված միջադեպերից, իհարկե, ամենադրամատիկն ու վտանգավորը Գորիս-Կապան ճանապարհի փակումն էր Ադրբեջանի կողմից, որտեղ անթաքույց էր Բաքվի դժգոհությունները հենց Մոսկվայից․․․ Կարծես թե դանակահարման միջադեպն էլ ադրբեջանա-ռուսական էր, բայց շանտաժիստի պատանդը Հայաստանն էր․․․ 
 
-Վ․Պուտինը հեռախոսազրույց է ունենում Նիկոլ Փաշինյանի հետ, ու ի զարմանս, այս անգամ այլևս տրվում է տարածաշրջանի՝ Լեռնային Ղարաբաղի անունը։ Ալիև-Պուտին մոսկովյան վերջին հանդիպման ժամանակ Պուտինը որոշել էր չնյարդայնացնել Իլհամին և օգտագործել էր «իրավիճակը տարածաշրջանում» ձևակերպումը՝ առանց տալու Լեռնային Ղարաբաղ անունը, ինչպես նաև՝ գովել էր Իլհամ Ալիևին, որ միասնական ուժերով, լավ թե վատ, կարողանում են խաղաղությունը պահպանել և քաջալերերել էր փոխզիջումային բարդ որոշումներ ընդունել․․․ Իսկ մեկ ամիս անց դրան հաջորդեց "ադրբեջանական զինվորի դանակահարման" ու ճանապարհը փակելու միջադեպը, որին էլ նախորդել էր ադրբեջանցիների ըմբոստացումն Արցախում՝ ընդդեմ ռուս խաղապահների․․․ Հիշենք, որ հարվածային ԱԹՍ-ներ էին վայր գցվել․․․
 
-Այս օրերին ռուս խաղաղպահները հերթական՝ մեկ այլ զորավարժություն են անցկացնում, որտեղ սցենարը վերաբերում է Լաչինի միջանցքի պաշտպանությանը՝ ԱԹՍ-ների ոչնչացմանը։ Նախորդ՝ Շուշիի շրջանի մոտ ադրբեջանական ԱԹՍ-ների խոցման միջադեպին ուղեկցած ռուս խաղաղապահների զորավարժության սցենարն էլ վերաբերում էր ահաբեկչական հարձակումների դեպքում նրանց դեմ մարտեր վարելուն, ինչը կատաղության էր հասցրել ադրբեջանական կողմին ու որոշել էին ԱԹՍ-ներով ապացուցել, թե ովքեր են «հողի տերը»․․․ Այս օրերի հակաԱԹՍ-ային զորավարժությունների վերաբերյալ ադրբեջանական նոր հիսթերիան դեռ նկատելի չէ, թեպետ պետք է սպասել,  ինչպես նախորդ անգամ․․․ Ըստ որում, ռուսական խաղաղապահները հասկացնում են, որ տեսնում են, որ  Բաքվի «միջանցքային կապրիզի» նպատակներից մեկը ոչ միայն Լաչինի միջանցքին հայելային Սյունյաց միջանցք ստանալան է, որքան Լաչինի միջանցքը փակելը․․․․ Ալիևն իր նախա-նախավերջին հարցազրույցում դժգոհեց, որ որքան էլ ուշադիր հաշվում են Ստեփանակերտ մտնող ու դուրս եկող ավտոմեքենաները, այդուհանդերձ ի ցույց դրեց, որ դժգոհ է, որ հայերի թիվն այնտեղ չի պակասում․․․ Այժմ Մոսկվան էլ հասկացնում է, որ ինքը նույնպես զորավարժություններով պատրաստվում է Լաչինի միջանցքը պաշտպանելուն, եթե հանկարծ Ադրբեջանն այն վերցնելու փորձ անի․․․
 
-Ուշագրավ է, որ Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի կրեմլյան հաղորդագրության մեջ ոչ միայն օգտագործվել է Լեռնային Ղարավաղի անունը, որպես ինքնուրույն տարածաշրջան, այլ նաև Պուտինը բարձրաձայնել է, որ հակամարտությունը լուծված չէ, և Փաշինյանի հետ քննարկել է դրա կարգավորման հարցերը։ Սա նույնպես տհաճ անակնկալ է Ալիևի համար, քանի որ եթե վերջինս նախկինում պնդում էր, թե հակամարտությունը լուծել է, իսկ Մոսկվան դրան չեր առարկում, այժմ Կրեմլից ասում են, որ հակամարտությունը լուծված չէ․․․ 
 
-Բաքվի ու Մոսկվայի հարաբերությունների վրա ոչ միայն ազդում են Ադրբեջանում չմարող խոսակցությունները, թե հնարավոր է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան օրինականացնի Ադրբեջանի տարածքում իր ռազմաբազաները, այլ նաև որ մոտ ապագայում Անկարան մտադիր է ավելի բարձր մակարդակ տեղափոխել թյուրքալեզու երկրների իր խմբակին՝ դրան տալով միության կարգավիճակ։ Իսկ Մոսկվան լավ գիտի, թե սայուզնի մակարդակն ինչ է ենթադրում ու գիտի, որ Բաքուն այնտեղ առաջիններից մեկն է։ Օրեր առաջ նկատելի էր ռուսական հիսթերիան այս ուղղությամբ, ըստ որում պարզ դարձնելով, որ թյուրքալեզու երկրների շրջանում Անկարայի հեղինակությունն աճել է Արցախյան պատերազմում  Բաքվին Անկարայի ցուցաբերած ռազմաքաղաքական աջակցությունից հետո․․․ Այսինքն, որքան էլ Պուտինը և Ռուսաստանը շեշտում են, թե Արցախյան պատերազմում կողմերն իրենց "ստանալիքը ստացել են" Պուտինի շնորհիվ, թյուրքալեզու պետությունների «ընտանիքում»՝ Ղազխստանում, Ուզբեկստանում, Թուրքմենստանում, անգամ դանից դուրս՝ Ուկրաինայում,  այդպես չեն կարծում ու հնարավոր է, որ թվարկվածները Ադրբեջանի նման նույնպես համաձայնեն Թուրքիայի հետ միութենական դաշնակցություն կազմել․․․ Իսկ Մոսկվան ակնկալում էր, որ տարածքների վերադարձ ու անվտանգություն փնտրող բոլոր պետությունները՝ Ուկրաինայից մինչև Վրաստան ու մնացածը, կհասկանան, թե ում և որ պետության միջոցով են ետ բերում տարածքները կամ վայելում լիակատար անվտանգություն։ Պարզվում է՝ հետխորհրդային տարածքում ամենևին այդպես չեն կարծում, թե տարածքները վերադարձնողը Պուտինն է․․․ Աճել է Էրդողանի հեղինակությունը, և կարծես թե անգամ Ալիևն է խորունկ այդպես մտածում ու դրանում համոզված, որ շարունակում է զարգացնել ռազմավարական համագործակցությունն Անկարայի հետ․․․
 
-Ալիևը հարկ է համարում այս ամենին արձագանքել Շուշիից՝ ի ցույց դնելով անգամ բերդաքաղաքը ետ վերադարձնելու վախերը, ու հոխորտալով, որ այն հայկական չէ, եթե հայկական լիներ, ապա հայերն այնտեղ որևէ բան կառուցած կլինեին, աղբյուրները ցամաքացրած չէին լինեի, կառուցածներն ընդամենը մի քանի օլիգարխի տունը չէր լինի, և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի հանրապետություն գոյություն չունի։ Սա պետք չէ համարել միայն հայկական կողմին ուղղված ամոթանք-ապացույց, այլ նաև պատասխան Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցին․․․
Հետևապես, Հայաստանում պետք է արտակարգ հասկանալ, հետաքննել ցանկացած իրադարձություն, կրակոց, որովհետև խաղը չափազանց մեծ է ու բարդ։ Ու կրկնում եմ՝ մենք այլևս իրավունք չունենք բավարարվել այս ամենի մասին մեկ վերլուծությամբ, կարծիքով, տրվել գյադայական կամ մանկապատանեկան, դեռահասական ինքնավստահությանն ու ամենագիտության զգացումին։ Վերլուծական ու ռիսկերի գնահատման, կանխատեսման ու կառավարման դիվերսիֆիկացբած համակարգը պետք է օր առաջ ստեղծվի»:
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play