Եկել է հստակ քայլերի ժամանակը․ ռուս-թուրքական «եռակողմ» փաթեթն ու դրա սպասարկուները հեռացվելու են


Եկել է հստակ քայլերի ժամանակը․ ռուս-թուրքական «եռակողմ» փաթեթն ու դրա սպասարկուները հեռացվելու են

  • 02-09-2021 15:57:53   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
lragir.am․Արդյոք սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությունը  քննարկվել է Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Միրզոյանի և Լավրովի հանդիպմանը:
 
Սա կարևոր ուղերձ է. Հայաստանի բարձրագույն ղեկավարության, նախկին նախագահների, քաղաքական կուսակցությունների ներկայությունը կդառնար Հայաստանի` Արցախի վերամիավորման կուրսի հռչակում: Նիկոլ Փաշինյանի և Արմեն Սարգսյանի բացակայությունը Ստեփանակերտում հարգանքի տուրք է ռուս-թուրքական «եռակողմ» փաթեթին և Ռուսաստանին, որը հետևողականորեն իրականացնում է Հայաստանը մասնատելու և ինքնիշխանությունը վերացնելու Լավրովի ծրագիրը:
 
Լաչինի միջանցքը հսկում են ռուս խաղաղապահները: Նրանց հրաման տրվե՞լ է չթողնել Հայաստանի բարձրագույն ղեկավարությանը մտնել Արցախ: Հակառակ ավանդույթի, Արարատ Միրզոյանը նույնպես Արցախ չգնաց, չնայած բոլոր արտգործնախարարներն իրենց առաջին այցը կատարել են Ստեփանակերտ (բացառություն էր Արա Այվազյանը, որի այցը Ստեփանակերտ 2021 թվականի հունվարին դեմարշ առաջացրեց Բաքվում):
 
Առավել կարևոր ուղերձն այն է, որ Հայաստանի կառավարության և խորհրդարանի մակարդակով չեն բարձրաձայնվում վերամիավորման մտադրությունների, առավել ևս քաղաքական գործողությունների մասին: Կառավարության ծրագրում վերամիավորումը նշված չէ որպես «Արցախյան կարգավորման» վերջնական նպատակ: Խորհրդարան անցած «ընդդիմադիր» ուժերը նույնպես ճանաչում կամ վերամիավորում չեն պահանջում:
 
«Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողի կողմից գաղտագողի միանձնյա որոշմամբ ստորագրված՝ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթուղթը Արցախի և Հայաստանի համար մի նոր վտանգավոր շրջափուլ բացեցին», գրել է Սերժ Սարգսյանը իր ուղերձում: Պատրա՞ստ է Սարգսյանի կուսակցությունը վիճարկել ստորագրված փաստաթղթի օրինականությունը Սահմանադրական դատարանում և միջազգային ատյաններում:
 
Եկել է հստակ քայլերի ժամանակը: Առանց կոնկրետ գործողությունների Փաշինյանին ուղղված մեղադրանքները միայն ամրապնդում են «միանձնյա որոշումը»: Անկախության 30-ամյակի կապակցությամբ Արցախին շնորհավորող ուժերը պատրա՞ստ են դեմ գնալ «եռակողմ փաստաթղթին» և դիմել միջազգային կազմակերպություններին:
 
2020 թվականի հոկտեմբերին, ինչպես խոստովանեց Ալիևը, «որոշ երկրներ» փորձեցին ՄԱԿ-ում ընդունել «Բաքվի համար վտանգավոր» բանաձևեր, սակայն Բաքվի «բարեկամները» կարողացան կանխել այդ քայլը: Բացի այդ, Ալիևը խոստովանել է, որ եթե պատերազմը չդադարեցվեր նոյեմբերի 9-ին, Բաքուն ավելի մեծ կորուստներ կունենար, իսկ պատերազմի ելքը կարող էր այլ լինել:
 
Ռուսաստանը, որը եռակողմ հայտարարության հեղինակն է, ամեն ինչ անում է, որպեսզի հարցը մեռցվի եռակողմ ձևաչափում և չանցնի միջազգային մակարդակ: Իսկ դրանում Ռուսաստանին օգնում է Հայաստանի քաղաքական դասը, չնչին բացառություններով: Լավրովի և Միրզոյանի հանդիպումը Մոսկվայում դրա ապացույցն է:
 
Ի՞նչ խնդիր են լուծում  Հայաստանի նախկին և ներկա իշխանությունները՝ սպասարկելով ռուս-թուրքական «եռակողմ» ձևաչափը:
 
Մեկնաբան Նաիրա Հայրումյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը