Հայաստանը գերիների ու պատանդների վերադարձի հարցում միջազգային գործընկերների ամուր աջակցության կարիքն ունի․ Կարեն Անդրեասյան


Հայաստանը գերիների ու պատանդների վերադարձի հարցում միջազգային գործընկերների ամուր աջակցության կարիքն ունի․ Կարեն Անդրեասյան

  • 03-09-2021 18:48:53   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձը հայրենիք ժամ առաջ ապահովելու համար Հայաստանը միջազգային գործընկերների ամուր աջակցության և միջազգային ճնշումն այս հարցում ուժեղացնելու կարիքն ունի։
 
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ շեշտել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:
 
Նախարարը բարձր է գնահատել ԿԽՄԿ առաքելությունը Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց այցելելու և նրանց կապն ընտանիքի հետ մշտապես ապահովելու հարցում: Նա Թիերի Ռիբոյի հետ կիսվել է խորը մտահոգությամբ՝ կապված Ադրբեջանում գտնվող հայ գերիների ու պատանդների խոշտանգումների, անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի հետ։ 
 
ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը ներկայացրել է հետպատերազմյան շրջանում կառույցի իրականացրած գործունեությունն ու անդրադարձել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։
 
Նախարարությունից հայտնում են, որ հյուրի խնդրանքով, ի թիվս այլ հարցերի, Կարեն Անդրեասյանն անդրադարձել է նաև Արդարադատության նախարարության բարեփոխումների օրակարգին և առանձնացրել քրեակատարողական համակարգի առողջացման ծրագիրը՝ ուղղված ոչ միայն ՔԿՀ-ներում պահվող անձանց իրավունքների պաշտպանությանն, այլև կառավարման համակարգի բարելավմանը։
 
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն ընդգծել են իրենց պատրաստակամությունը՝ երկու կառույցների միջև առկա համագործակցությունն առավել խորացնելու հարցում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play