Բաքուն ու Մոսկվան կստորագրե՞ն խաղաղապահների մանդատը


Բաքուն ու Մոսկվան կստորագրե՞ն խաղաղապահների մանդատը

  • 06-09-2021 18:00:09   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Lragir.am-ը գրում է. «Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկում են Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների մանդատի հետ կապված լրացուցիչ իրավական մեխանիզմներ, եղել են առաջնային շփումներ այդ հարցի շուրջ, և որոշակի բանավեճեր դեռևս շարունակվում են: Այս մասին BBC-ին տված հարցազրույցում ասել է Ալիեւի օգնական Հիքմեթ Հաջիևը: Նա ընդգծել է, որ ռուս խաղաղապահները Ղարաբաղում իրենց գործունեությունն իրականացնում են նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության համաձայն, որը սահմանում է «քաղաքական և որոշակի իրավական շրջանակ»:
 
Այն մասին, որ Բաքուն չի ստորագրել Արցախում ռուս խաղաղապահների ներկայության մանդատը, արդեն մի քանի անգամ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Բաքուն փորձում է Արցախից դուրս բերել ռուս խաղաղապահներին:
 
Սակայն, հաշվի առնելով ներկա իրողությունները, ռուս խաղաղապահները Բաքվի համար միակ ճանապարհն են պատերազմի արդյունքների և «եռակողմ» փաստաթղթերի օրինականացմանը հասնելու համար։ Բաքուն նույնիսկ հիմա կարող էր պահանջել ռուսական զորքերի դուրսբերումը, եթե վստահ լիներ, որ նրանց փոխարեն չի տեղակայվի միջազգային զորախումբ, և ոչ թե ներկայիս «շփման գծում», այլ 1994 թվականի։
 
«Ամբողջ Ղարաբաղը Ադրբեջանի ինքնիշխան տարածքն է, միջազգային հանրությունը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և, ըստ նոյեմբերի 10-ի հայտարարության, ռուս խաղաղապահները ժամանակավորապես տեղակայվում են Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում», ասել է Հաջիևը:
 
Ալիևի օգնականը ցանկալին ներկայացնում է որպես իրականություն: Եթե ​​համաշխարհային հանրությունը ճանաչեր «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», ապա, ինչպես վրացական, ուկրաինական և մոլդովական հակամարտությունների պարագայում, այն կներառվեր միջազգային կարեւոր փաստաթղթերում: Ալիեւն, օրինակ, մշտապես գանգատվում էր, որ այդ փաստաթղթերում բացակայում է «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։
 
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պնդում են, որ Արցախյան հակամարտությունը պետք է կարգավորվի երեք սկզբունքների հիման վրա, այդ թվում ՝ ինքնորոշման իրավունքի: Այսպիսով, աշխարհը չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ավելին, այն «վերականգնվել է» հիմնարար սկզբունքներից մեկի ՝ ուժի չկիրառման կոպիտ խախտմամբ:
 
Բաքուն մտահոգ է, որ Ռուսաստանի հեռանալու դեպքում «եռակողմ» փաստաթղթերը կջրվեն, և կարգավորման գործընթացը կվերադառնա ելակետ: Իսկ ելակետը ռուս-թուրքական պայմանավորվածություններից դուրս Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումն է:
 
Երևանը և Ստեփանակերտը պետք է պահանջեն վերանայել եռակողմ հայտարարությունը և տեղակայել միջազգային խաղաղապահներ և մոնիտորինգի մեխանիզմներ` մինչև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում քաղաքական կարգավորումը:
 
Ի՞նչ նպատակ է հետապնդում Փաշինյանը ՝ մատնանշելով Բաքվի կողմից ռուս խաղաղապահների մանդատի բացակայությունը: Նման մանդատի առկայությունը կնշանակի, որ Մոսկվան ճանաչում է Բաքվի իրավազորությունն Արցախում: Այժմ, թեկուզև ոչ պաշտոնապես, ռուսական զորքերը Արցախում են «Հայաստանի խնդրանքով»՝ անուղղակի ճանաչելով Երևանի իրավասությունը»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը