ԿԽՄԿ-ն սերտորեն համագործակցում է ռուս խաղաղապահների հետ Արցախում
06-09-2021 18:40:04 | Արցախ (ԼՂՀ) | Ի՞նչ է գրում մամուլը
tert.am Կարմիր խաչի միջազգային կոմիտեն մարդասիրական հարցերով սերտորեն համագործակցում է ռուս խաղաղապահների հետ Լեռնային Ղարաբաղում: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է ԿԽՄԿ տարածաշրջանային պատվիրակության ղեկավար Իխտիյար Ասլանովը:
«Ռուսական խաղաղապահ ուժերի՝ տարածաշրջան ժամանելու պահից ի վեր մենք աշխատում ենք նրանց հետ: Եվ մեր համագործակցությունը բավականին սերտ է: Իմ գործընկերները հաճախ են տեղում հանդիպում խաղաղապահ ուժերի հրամանատարության, զինվորների և սպաների հետ», -ասել է Ասլանովը:
Վերջինս ընդգծել է, որ ներկա պահին տարվող աշխատանքների հիմնական ուղղությունը զոհված զինվորների մարմինենրի որոնումն է, որոնց այնուհետև հանձնում են ընտանիքներին:
«Քննարկվում են նաև այլ մարդասիրական հարցեր՝ ելնելով ստեղծված իրավիճակից: Դա և՛ ենթակառուցվածքների զարգացումն է, որն ավերվել է էսկալացիայի ժամանակ, և՛ մասնավոր տները, և՛ այլ ծառայություններ»,- հավելել է ԿԽՄԿ ներկայացուցիչը:
Նա հավելել է, որ կարևոր հարցերից մեկը հասանելիությունն է՝ անվտանգության տեսանկյունից: «Իրավիճակը տարբեր կերպ է զարգանում, հատկապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանների երկարությամբ: Եվ մեզ համար կարևոր խնդիրներից մեկը մեր գործընկերների անվտանգությունն է: Մենք հասանելիություն ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի կողմից»,- նշել է մասնագետը: