07-09-2021 12:25:02 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Lragir.am. Ըստ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը Չինաստանի դեսպան Ֆան Յունն ասել է, որ չինական կողմն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաեւ սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։
Չինաստանի երկիմաստ պահվածքը 2020-ի աշնանից շարունակվում է։ Բանն այն է, որ Բաքվում Չինաստանի դեսպանը փաստացի աջակցություն էր հայտնել Բաքվի քաղաքականությանը եւ մասնավորապես «Զանգեզուրի միջանցքին»։ Ավելի վաղ զլմ-ները գրել էին Թուրքիայի եւ Չինաստանի միջեւ պայմանավորվածությունների մասին, ըստ որի՝ Չինաստանն իր Մեկ գոտի, մեկ ճանապարհ նախագծի շրջանակում ստանալու է արտոնություններ տարածաշրջանի հաղորդակցությունների, մասնավորապես միջանցքի հարցում։
Փորձագետներն այդ պայմանավորվածությունները կապեցին ՄԱԿ ԱԽ-ում 2020-ի հոկտեմբերին Լեռնային Ղարաբաղում կրակը դադարեցնելու վերաբերյալ բանաձեւի արգելափակման հետ․ ըստ տեղեկությունների՝ ՄԱԿ ԱԽ մշտական անդամ Չինաստանն էր ՌԴ խնդրանքով արգելափակել բանաձեւը։
Ընդունված է, որ դեսպաններն իրենց պաշտոնավարման երկրներին հաճո հայտարարություններ են անում։ Սակայն դա սահման ունի եւ չպետք է հակասի դեսպանների երկրի պաշտոնական քաղաքականությանը։ Չինաստանի դեպքում նկատելի է դեսպանների իրարամերժ դիրքորոշումը․ Բաքվում այդ երկրի դեսպանի հայտարարությունը հակասության մեջ է Երեւանի դեսպանի հայտարարության հետ։ Բանն այն է, որ «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության խախտում է։ Իսկ Երեւանում Չինաստանի դեսպանը հայտարարում է, թե Պեկինը աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։
Հիմա ո՞րն է Պեկինի դիրքորոշումը։ Ի տարբերություն այլ երկրների գործընկերների, Արարատ Միրզոյանին ուղղված շնորհավորական ուղերձում Չինաստանի ԱԳ նախարարը չէր շոշափել ոչ տարածքային ամբողջականության, ոչ էլ Մինսկի խմբում Արցախի խնդրի կարգավորման հարցերը։ Ոչ ՄԱԿ ԱԽ նիստի, ոչ էլ Բաքվի դեսպանի հայտարարությունների կապակցությամբ Պեկինը բարձր մակարդակով չի արտահայտվել։
Առաջատար տերությունները՝ ՄԽ համանախագահներ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, ինչպես նաեւ Գերմանիան, Մեծ Բրիտանիան թե դեսպանների, թե ԱԳՆ եւ ավելի բարձր մակարդակներով հայտարարում են Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ Արցախի խնդիրը ՄԽ-ում կարգավորելու մասին։ Հստակ է նաեւ Ռուսաստանի դիրքորոշումը՝ Մոսկվան ոչ մի պաշտոնական հայտարարություն չի արել ՀՀ տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության աջակցության մասին, եւ դա բնական է՝ Մոսկվան իրականացնում է Հայաստանի մասնատման ու ինքնիշխանության ոչնչացման քաղաքականություն։ Արցախի հարցում Մոսկվայի քաղաքականությունը նույնպես հստակ է՝ հարցը լուծված է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, Մինսկի խմբում քաղաքական կարգավորման գործընթաց չպետք է լինի։
Չինաստանը աշխարհքաղաքականության հայտ է ներկայացրել, սակայն մեկնարկում հայտնվել է անլուրջ իրավիճակում։ Պեկինը խոսում է Հայաստանի ու հայերի հետ «դարավոր բարեկամությունից ու կապերից», ինչպես Ռուսաստանը։ Ռուսաստանի դեպքում հայերը գիտեն, թե ինչ է նշանակում այդ բարեկամությունը՝ Հայաստանի մասնատում ու հայերի հայրենազրկում։ Չինաստա՞նն ինչ նկատի ունի դարավոր բարեկամության տակ՝ Ռուսաստանի անխուսափելի նահանջն ու աշխարհքաղաքական անխուսափելի պարտությունն աչքի առաջ ունենալով։