Կորոնավիրուսի կանխարգելման համար չեն կարող հարկադրանքով պատվաստել մեզ. Արա Զոհրաբյան


Կորոնավիրուսի կանխարգելման համար չեն կարող հարկադրանքով պատվաստել մեզ. Արա Զոհրաբյան

  • 07-09-2021 13:32:32   | Հայաստան  |  Մեկնաբանություն

 
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Նախաձեռնող խումբը ստեղծվել է և համալրվում է: Արդեն ներգրավվել են բժիշկներ, փաստաբաններ, մանկավարժներ և այլ ոլորտի մասնագետներ:
 
Տեղյակ եմ, որ կան նաև այլ հարթակներ: Այս նախաձեռնություններն ի վերջո նպաստելու են, որպեսզի քաղաքացին  օբյեկտիվ տեղեկատվություն ստանա:
 
Կցանկանամ անդրադառնալ իրավական մի քանի խնդրի:
 
Կորոնավիրուսի կանխարգելման համար չեն կարող հարկադրանքով պատվաստել մեզ, առնվազն 2 պատճառով՝
 
1. Սահմանադրության 25-րդ հոդվածը չի թույլատրում բժշկական փորձի ենթարկել մարդուն առանց իր համաձայնության, իսկ այս փուլում լիարժեք չփորձարկված պատվաստանյութերի կիրառումը մարդկանց նկատմամբ բժշկական փորձի դասական օրինակ է.
 
2. Սահմանադրության 78-րդ հոդվածը սահմանում է համաչափության սկզբունքը: Ինչ է սա:
 
Սահմանադրությունն ասում է, պետություն, եթե դու կցանկանաս մարդու իրավունքներն ու ազատությունները սահմանափակել, ապա քեզ համար խաղի կանոն եմ տալիս: Դա կարող ես անել, եթե այդ սահմանափակման համար ընտրված միջոցները պիտանի են և անհրաժեշտ Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար:
 
Հիմա միասին փորձենք վերլուծել արդյոք համաչափության սկզբունքը պահպանված է:
 
Հարկադրանքով պատվաստողների թիմը մեզ ասում են պատվաստելու ենք ձեզ 2 պատճառով՝
 
1)  հանրության առողջությունը պաշտպանենք, 2) պատվաստված մարդը ավելի թեթև է տանում վիրուսը: Կարծես թե առաջին հայացքից վատ բան չեն ասում: 
 
1) Հանրային Առողջության մասով ուշադրություն պետք է դարձնենք, որ պատվաստանյութերը չեն ապահովում մարդուն վարակվելուց: Սա անվիճելի է: Պատվաստվածներն էլ են դիմակ կրում, քանի որ կարող են վարակվել և վարակել: Սա արդեն նշանակում է, որ հարկադրանքով պատվաստվելը չի լուծում հանրային առողջության պահպանման խնդիրը: Այսինքն այդ միջոցները չեն ծառայում հանրության առողջության պահպանման նպատակին:
 
2) Պատվաստված մարդը թեթև է տանում վարակը: Նախ այս թեզը դեռ ապացուցված չէ: Մենք դեպքեր գիտենք, որ պատվաստված մարդիկ մահացել են: Բայց նույնիսկ եթե ապացուցվի, որ պատվաստված մարդը թեթև է տանում վարակը, միևնույն է, սա արդեն վերաբերում է մարդու անձնական տիրույթին և ոչ թե՝ հանրային:
 
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 25-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի գրավոր հրաժարվելու բժշկական միջամտությունից կամ պահանջելու ընդհատել այն: 
 
Հարց է ծագում, այս դեպքում ինչու եք ուզում ստիպել մեզ: Հարկադրանքի գործընթացը ոտքից գլուխ հակասահմանադրական է: Մի փորձեք ստիպել մարդկանց: 
 
Պատվաստվել, թե՝ ոչ: Սա յուրաքանչյուր մարդու գիտակցված որոշումը պետք է լինի: Տվեք մարդկանց օբյեկտիվ տեղեկատվություն, թող իրենք որոշեն: 
 
Նախաձեռնող խմբի հետագա քայլերի մասին կտեղեկացնեմ: Դրա մեջ է մտնելու նաև իրավական գործընթացները, ինչպես նաև քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը:»
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն