Ուղարկվել է գրություն, որ ԲԿ-ները մնան իրենց պայմանագրային գումարների շրջանակներում. նախարարը՝ պետպատվերի մասին


Ուղարկվել է գրություն, որ ԲԿ-ները մնան իրենց պայմանագրային գումարների շրջանակներում. նախարարը՝ պետպատվերի մասին

  • 08-09-2021 13:22:05   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձավ պետպատվերի ոլորտում առաջացած խնդիրներին, մասնավորապես, մամուլում տեղ գտած հրապարակումներին, ըստ որոնց հիվանդանոցները որոշ հիվանդների պետպատվերով չեն սպասարկում։
 
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Ավանեսյանը նշեց, որ բոլոր բժշկական կազմակերպություններն էլ տարվա սկզբին կնքում են շրջանակային պայմանագրեր, և հստակ ձևակերպվում է, թե տվյալ բժշկական կազմակերպությունն ինչ ծավալի պետպատվեր պետք է իրականացնի։
 
«Եվ, իհարկե, բժշկական կազմակերպությունները պետք է փորձեն ամեն ինչ անել՝ մնալու այդ շրջանակային պայմանագրային գումարների մեջ, որովհետև մենք բոլորս հասկանում ենք, որ բյուջեն սահմանափակ է, և մենք պետք է հստակ ունենանք կանխատեսում և դիսցիպլին՝ բյուջետային միջոցներն իրականացնելու։ Տարվա կեսին, այո, ուղարկվել է գրություն, որ բժշկական կազմակերպությունները մնան իրենց պայմանագրային գումարների շրջանակներում և դիմելիության հոսքից կախված՝ սպասարկեն ըստ հերթագրման սկզբունքի»,- ասաց նա։
 
Նախարարը նշեց, որ նկատվում է հիվանդների դիմելիության ու հիվանդացության աճ։ «Սա պայմանավորված է ինչպես COVID-ով, այնպես էլ հետպատերազմական իրավիճակով։ Եվ մենք բոլոր միջոցները ձեռնարկում ենք, որ այն ուղղությունների, ծառայությունների, ծրագրերի գծով, որոնք իսկապես հիմնավորված ունեն դիմելիության աճ, պետությունն իր պարտավորությունը քաղաքացիների առջև ինչպես այս տարիների ընթացքում կատարել է, այնպես էլ շարունակի կատարել»,- հավելեց Ավանեսյանը։ Ըստ նրա՝ առողջապահության ծախսային հատվածը պետք է շարունակաբար ավելացնել և ի վերջո գնալ համապարփակ առողջապահության ապահովագրության ճանապարհով։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը