ՌԴ ԱԻ նախարարի հետ միասին զոհվել է նաև կինոռեժիսոր Ալեքսանդր Մելնիկը. մանրամասներ


ՌԴ ԱԻ նախարարի հետ միասին զոհվել է նաև կինոռեժիսոր Ալեքսանդր Մելնիկը. մանրամասներ

  • 08-09-2021 19:46:28   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ինչպես արդեն հայտնել էր armtimes.com-ը, ՌԴ Կրասնոյարսկի երկրամասում կյանքի 56-րդ տարում ողբերգական կերպով այսօր մահացել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար, բանակի գեներալ Եվգենի Զինիչևը հայտնի կինոռեժիսոր Ալեքսանդր Մելնիկի հետ միասին, ում էլ հենց նա փորձել է փրկել:
 
Արկտիկայում միջգերատեսչական վարժանքների ժամանակ տեղի ունեցածի մասին մանրամասներ են հայտնում ռուսական լրատվամիջոցները:
 
Այս վարժանքները որակվել են որպես շատ կարևոր: Փրկարարներն առաջին անգամ մարզվել են արկտիկական մասում՝ ծայրահեղ ցածր ջերմաստիճանի պայմաններում: Քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման նախարար Եվգենի Զինիչևն անձամբ է հետևել նրանց գործողություններին: Միջոցառումը ոչ միայն միջգերատեսչական է, այլև միջազգային. դրանց մասնակցելու համար ժամանել են 50 պատվիրակներ 20 երկրներից, այդ թվում՝ Ֆինլանդիայից, Դանիայից, ԱՄՆ-ից, Կանադայից և Նորվեգիայից, Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության և Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի ներկայացուցիչներ ևս:
 
Զորավարժությունները սկսվել են երեկ՝ սեպտեմբերի 7-ին, ու արդեն այսօր՝ հաջորդ օրը, երկիրը ցնցվեց Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական հայտարարությունից այն մասին, որ Եվգենի Զինիչևը «ողբերգական կերպով մահացել է ծառայության ընթացքում՝ փորձելով փրկել մարդու կյանք»:
 
Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության՝ հայտնի ու սիրված կինոռեժիսոր Ալեքսանդր Մելնիկը մասնակցել է վարժանքին՝ Արկտիկայի և Հյուսիսային ծովային ճանապարհի զարգացման մասին նոր ֆիլմի վայրեր ընտրելու համար: Զինիչևը մոտակայքում է եղել, երբ կինոռեժիսորը, պատահաբար սայթաքելով, ժայռից ընկել է ջուրը:
 
Նախարարը թռել է նրա հետևից՝ փրկելու համար վերջինիս: Ականատեսների վկայությամբ,  թռիչքի պահին նա հարվածել է ժայռի եզրոտ քարին: Նրանց երկուսին վիրավորներ տեղափոխող ուղղաթիռով տարհանել են հիվանդանոց: Օդանավում անձնակազմը խնդրել է երկու վերակենդանացման մեքենա, արհեստական շնչառության սարք և փոխներարկման համար արյուն պատրաստել: Սակայն Զինիչևն ու Մելնիկը մահացել են՝ նախքան ուղղաթիռը կհասցներ վայրէջք կատարել:
 
Զինիչևի մահը ցնցել է բոլորին. Ռուսաստանի ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ նման մակարդակի պաշտոնյան դժբախտ պատահարի զոհ է դարձել: Նախարարը 55 տարեկան էր, ունի կին և մեկ որդի:
 
Վլադիմիր Պուտինը հեռագիր է հղել մահացածի հարազատներին: ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ պետության ղեկավարը «խորապես ցավակցում է»: «Նախագահին և Զինիչևին կապում է երկար տարիների համատեղ աշխատանքը: Սա մեծ կորուստ է»,- ասել է մամուլի քարտուղարը:
 
Ալեքսանդր Մելնիկն էլ հայտնի ու սիրված էր Ռուսաստանում: Նա ծնվել է 1958 թվականի հունիսի 11-ին, կինոռեժիսոր և սցենարիստ էր, Ռուսաստանի կինոռեժիսորների գիլդիայի անդամ: Պրոդյուսեր Անտոն Մելնիկի հայրը «Անդրեևսկի դրոշ» կինոընկերության գլխավոր տնօրենն էր, Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, Նիկայի կինոարվեստի ակադեմիայի անդամ, Նիկա մրցանակի դափնեկիր:
 
Հիշեցնենք՝ Զինիչևը ծնվել է 1966 թվականի օգոստոսի 18-ին, Լենինգրադում: Ավարտել է Սանկտ Պետերբուրգի բիզնեսի և իրավունքի ինստիտուտի տնտեսագիտության և ֆինանսավարկային ֆակուլտետները: 2013 թվականին նա մասնագիտական վերապատրաստում է անցել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում:
 
1984-1986 թվականներին ծառայել է Հյուսիսային նավատորմի ԽՍՀՄ զինված ուժերում: 1987-2015 թվականներին աշխատել է պետական անվտանգության մարմիններում:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը