Մենք ունենք մեղավորների բուրգ և բուրգի գագաթում գտնվում է Ջալալ Հարությունյանը. անհայտ կորած զինծառայողի ծնող


Մենք ունենք մեղավորների բուրգ և բուրգի գագաթում գտնվում է Ջալալ Հարությունյանը. անհայտ կորած զինծառայողի ծնող

  • 09-09-2021 14:16:11   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իրավաբան.net. Օգոստոսի 28-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ 2020 թվականին 44-օրյա պատերազմի ընթացքում ռազմական գործողություններում ներգրավված ՊԲ N զորամասի հրետանային դիվիզիոնի պատասխանատու սպան կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով (Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը)։
 
Հրետանային դիվիզիոնի շտաբի պետ մայոր Գևորգ Գևորգյանի  փաստաբան Գոռ Գևորգյանն ասուլիսի ժամանակ ասաց, որ իր պաշտպանյալը բարեխղճորեն կատարել է բոլոր հրամանները, սակայն անհետ կորած և զոհված զինծառայողների հարազատներին ներկայացրել են, որ նրա մեղքն է եղել, որ 21 հոգուց 7-ը զոհվել են, 14-ը՝ անհետ կորել:
 
Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, զոհվածների և անհետ կորածների հարազատները հանդես եկան մամուլի ասուլիսով:
 
Նրանք պնդում են, որ իրենք մեծ ծավալի հետաքննություն են անցկացրել և հասկացել են, թե ովքեր են այդ արարքի անմիջական պատասխանատուները:
 
«Մեր դիմումների համաձայն քրեական գործ է հարուցվել և դիվիզիոնի շտաբի պետ Գևորգ Գևորգյանը ձերբակալվել է: Ցանկանում եմ հանրությանը ներկայացնել ամբողջ եղելությունը, թե սեպտմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 12-ը ինչ է տեղի ունեցել այդ դիվիզիոնի հետ:
 
Մարտական գործողությունների սկսելուն պես դիվիզիոնը զբաղեցրել է իր կիրառման շրջանը, որը գտնվում էր Ակնայի ուղղությունում, այնուհետև զբաղեցրել են իրենց հիմնական կրակային դիրքերը՝ Վազգենաշեն կոչվող բնակավայրի շրջանում, այնտեղից կատարել են իրենց մարտական գործողությունները մինչև հոկտեմբերի 5-ը: Դրանից հետո հրաման են ստացել երթ կատարել դեպի Հադրութ: Այդ ուղղությունում, ինչպես գիտեք, մեր ստորաբաժանումները բավականին ծանր վիճակում էին հայտնվել: Նրանք զբաղեցրել էին իրենց կրակային դիրքը Ջրաշխարհ կոչվող տարածքում, սակայն վերադաս հրամանատարության կողմից, Պաշտպանության բանակի հրետանու պետի ցուցման համաձայն՝ նրանք առաջ են շարժվել դեպի Հադրութ քաղաք, կրակային դիրք են զբաղեցրել այդ շրջանում: Պարզվել է, որ այդ կրակային դիրքերը զբաղեցնում են հակահարված իրականացնելու համար»,-պատմեց ծնողներից մեկը:
 
Նրա խոսքով՝ դա կոպիտ խախտում է եղել, հակահարված իրականացնելու որոշում ընդունողներն, իր կարծիքով, կոպիտ խախտում են կատարել, քանի որ հակահարված իրականացնելու համար անհրաժեշտ է 3 պայմանների ապահովում:
 
«Առաջին պայմանը՝ հակառակորդը պետք է կանգնեցված լիներ, բայց մենք գիտենք, որ այդ ժամանակ հակառակորդը շարունակում էր իր առաջխաղացումը: Հակառակորդը չպետք է ունենար մոտակա ռեզեվներ, բայց մենք հետո իմացանք, որ ունեն, այն էլ ինչքան: Երրորդը՝ մենք պետք է ունենայինք բավականին ռեզեվներ, որպեսզի իրականացնեինք այդ հակահարվածը: Այս երեք պայմաններից ոչ մեկը չի ապահովվել և փաստորեն բանակի ղեկավարությունը՝ մարտի դաշտ է նետել իր վերջին ուժերը»-նշեց նա:
 
Ըստ նրա՝ պատասխանատու է բանակի ղեկավարությունը:
 
«Հրամանատարությունը՝ հանձինս Գենադի Բաղդասարյանը, բանակի հրետանու պետը, ցուցում է տալիս, որ շատ եք գնացել դեպի առջև, ընտրեք կրակային դիրք, որպեսզի գործողություններ կատարեք: Կրակային դիրքը կահավորվում է և դիվիզիոնը սկսում է խնդիրներ կատարել: Դիվիզիոնի հրամանատարությունը մի քանի անգամ խնդրել էր Հայաստանի հրետանու պետից, որ իրենց կողմնորոշեն, նշեն, թե որտեղ է գտնվում հակառակորդը, որտեղ է առաջնագիծը, որևէ տվյալներ նրանք չեն ստացել: Զորամասից ևս տեղեկություն չեն տվել, որովհետև այն մասնատված է եղել»,-նշեց ծնողը:
 
Նա ասաց, որ զեկուցվել է բանակի հրետանու պետին, որ խմբի շարժ կա, ցանկանում են ճշտել, թե ովքեր են:
 
«Դիվիզիոնի հրամանատարը՝ չսպասելով պատասխանին, հրամայել է թողնել կրակային դիրքը: Կրակային ստորաբաժանումները համապատասխան գործողություններ են իրականացնում, այնտեղից դուրս են բերում զինամթերքի կրման մեքենաները: Այդ ընթացքում խորացված հրամնատարական կետից գալիս է հետևյալը՝ այդ խումբը մերոնք են, նայեք՝ չկրակեք: Մեզ հետ զրույցում Գենադի Բաղդասարյանն ասաց, որ ստանալով այդ զեկույցը մարտական դիրքից, ինքը զեկուցել է բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանին՝ ասել, որ կա զորքերի տեղաշարժ դեպի այդ դիվիզիոնի ուղղությամբ, խնդրում են ճշտել՝ ովքե՞ր են: Ջալալ Հարությունյանի ասելով՝ «մերոնք են չկրակեք» հրամանը Բաղդասարյանը փոխանցում է հրետանու կառավարման կետ, որտեղից այդ հրամանը փոխանցվում է դիվիզիոնի հրամանատարությանը»,-նշեց ծնողը:
 
Ըստ նրա՝ դիվիզիոնի շտաբի պետը, որին մեղադրանք է առաջադրվել, գտնվել է 2 մարտկոցների արանքում, և երբ պարզ է դարձել, որ հակառակորդն է և սկսվել է ինտենսիվ փոխհրաձգությունը, դիվիզիոնի հրամանատարը հրամայել է՝ դուրս եկեք ով ոնց կարող է: Այդ հրամանը լսելով դիվիզիոնի շտաբի պետ մայոր Գևորգյան իր զբաղեցրած տեղից անմիջապես փախուստի է դիմում. «Նույնիսկ մեկ զինծառայող չի հասցրել նստի իր մեքենան: Մենք ունենք մեղավորների բուրգ և բուրգի գագաթում գտնվում է Ջալալ Հարությունյանը՝ իր սխալ տեղեկատվություններով: Մյուս մեղավորը Գենադի Բաղդասարյանն է, քանի որ նշանակետերը իր կողմից է տրվել»:
 
Նշենք, որ Գևորգ Գևորգյաի պաշտպան Գոռ Գևորգյանը օրերս կայացած ասուլիսում ասել էր. «Ըստ որոշման մանրամասների՝ բանակի հրետանու պետը զեկուցում է Ջալալ Հարությունյանին՝ Պաշտպանության բանակի հրամանատարին, որ այսինչ տեղանքում ունենք տեղաշարժ, ասեք՝ ով է, որ մեր հրետանավորներն իմանան իրենց գործողությունները: Որոշման մեջ այսպես է՝ Ջալալ Հարությունյանը կապ է տալիս հրետանու պետին և ասում է՝ մերոնք են, ասա հանկարծ չկրակեն: Այդ հրամանը հերթով ներքև է իջնում, որ ասեն՝ մերոնք են չկրակեք: Ըստ տեղեկությունների՝ թշնամական 250 հոգանոց ջոկատ է եղել, որոնցից կեսը հայկական ֆորմաներով: Հետո նշել է, որ ինքն այնտեղ ԱԹՍ չի ունեցել, տեսախցիկներ չի ունեցել և չէր կարող նման բան ասել: Ինչպե՞ս կարող է Պաշտպանության բանակի հրամանատարը չիմանալ իր ստորաբաժանումների տեղը»:
 
Մայոր Գևորգ Գևորգյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play