Բերձորում թյուրքական պետությունները սադրում են Հայաստանին եւ ՀԱՊԿ-ին


Բերձորում թյուրքական պետությունները սադրում են Հայաստանին եւ ՀԱՊԿ-ին

  • 09-09-2021 14:32:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
«Հայաստանի Հանրապետություն օրաթերթ» Աֆղանստանին զուգահեռ Թուրքիա-Պակիստան-Ադրբեջան դաշինքն ակտիվ ռազմաքաղաքական գործողություններ է իրականացնում նաեւ Հարավային Կովկասում: Ներկայումս մեր տարածաշրջանում այս երեք պետությունը միանգամից երեք զորավարժություն են իրականացնում:
 
Ադրբեջանում երկու զորավարժություն է անցկացվում. Բերձորի շրջանում՝ թուրք-ադրբեջանական, եւ օկուպացված տարածքներից դուրս էլ ընթանում են «Երեք եղբայր-2021» Թուրքիա-Պակիստան-Ադրբեջան եռակողմ վարժանքները: Երրորդ զորավարժությունն ընթանում է Թուրքիայում՝ «ԹուրԱզ Շահինի-2021» անվան տակ:
 
Պակիստանամետ «Թալիբան» կազմակերպությունը, Աֆղանստանում վերադառնալով իշխանության, անհամեմատ մեծ լարվածություն է առաջացրել ՀԱՊԿ անդամներից մեկի՝ Տաջիկստանի սահմանների մոտ: Այստեղ Ռուսաստանը ՀԱՊԿ պետությունների զինված ուժերի համատեղ գործողությունների շրջանակներում զորավարժություններ է անցկացնում Տաջիկստանի զինված ուժերի հետ: ՌԴ-ում արգելված «Թալիբան» ծայրահեղ իսլամական կազմակերպության իշխանության գալը չի կարող չսպառնալ Ռուսաստանին եւ այն ռազմաքաղաքական միավորմանը, որը նա գլխավորում է: Աներկբա է, որ մոտ ժամանակներում թալիբները ՀԱՊԿ-ի համար լուրջ խնդիրներ չեն ստեղծի, քանի որ դեռ լծված են Աֆղանստանի ողջ տարածքում վերահսկողություն հաստատելու ռազմական գործողություններին եւ նոր՝ ծայրահեղ իսլամական բարքերով կառավարման համակարգի ձեւավորման գործին:
 
Մյուս կողմից էլ՝ արդեն այսօր ՄԱԿ-ը հայտարարել է, որ Աֆղանստանի ժողովուրդը շուտով սովի է մատնվելու: Նման մարտահրավերների առաջ կանգնած «Թալիբան» շարժմանը, նույնիսկ իր դաշնակից երկրների՝ Պակիստանի եւ Թուրքիայի աջակցությամբ էլ, դժվար կլինի մոտ ժամանակներս լուծել ներքին խնդիրները եւ այնքան կայանալ, որ սկսի խնդիրներ ստեղծել հարեւանների համար, սակայն օրինաչափորեն ՀԱՊԿ-ն արդեն այսօր հակազդող միջոցառումներ է մշակում՝ Աֆղանստանում այլեւս ձեւավորված ռիսկին դիմակայելու համար: Հարավային Կովկասում վերոնշյալ եռյակի ուժային դիրքերից ակտիվացման պոտենցիալ թիրախները երկուսն են՝ հայ-ռուսական դաշինքը, հետեւաբար՝ ՀԱՊԿ-ն, եւ Իրանը:
 
Բերձորում անցկացվող ադրբեջանաթուրքական զորավարժությունները փաստում են, որ դրանք ուղղված են Հայաստանի եւ ներկայումս այստեղ տեղակայված ու միջպետական պայմանագրերով ՀՀ սահմանների անվտանգությունն ապահովող ՌԴ-ի դեմ: Զորավարժություններն անցկացվում են Հայաստանի սահմանի այն հատվածում, որն ուղիղ գծով ավելի մոտ է Նախիջեւանին: Ենթակառուցվածքների բացման համատեքստում Ադրբեջանն ակնկալում է նաեւ Նախիջեւանի հետ կապող այս ճանապարհահատվածը: Սյունիքի Անգեղակոթ գյուղի ուղղությամբ խորհրդային տարիներին Նախիջեւանից Բերձոր հասնող ճանապարհ էր գործում:
 
Ներկայումս Բերձորի հատվածում, ըստ Բաքվի, ադրբեջանական Ռ 49 մայրուղին է, որտեղ ակտիվ ճանապարհաշինություն է ընթանում: Բերձորում թուրք-ադրբեջանական զորավարժություններ անցկացնելը սադրանք է Հայաստանի եւ Ռուսաստանի դեմ: Թյուրքական պետությունները լավ գիտեն, որ Սյունիքի արեւելյան սահմաններին, մասնավորապես Բերձորի ուղղությամբ տեղակայված են ՌԴ սահմանապահ զորքերը: Բերձորում ընթացող զորավարժությունները փաստում են, որ թուրք-ադրբեջան-պակիստանյան ակտիվությունն ավելի շուտ ուղղված է ՀԱՊԿ-ի դեմ՝ ի դեմս Հայաստանի եւ այնտեղ տեղակայված ռուսական զորքերի, քան՝ Իրանի:
 
Անդրկովկասում եւ Միջին Ասիայում նման զարգացումները պահանջում են համալիր հակազդեցության գործողությունների մշակում ՀԱՊԿ-ի շրջանակներում, քանի որ երկու դեպքում էլ, ըստ էության, նույն ուժերն են ակտիվություն ցուցաբերում, եւ ակնհայտ են նաեւ նրանց թիրախները: Հայաստանի եւ ՀԱՊԿ անդամ մյուս երկրների դեմ աճող վերոնշյալ մարտահրավերները ռազմաքաղաքական միավորման ներքին քննարկման օրակարգում պետք է լինեն առաջնային: Սեպտեմբերից ՀԱՊԿ-ի նախագահությունը փոխանցվում է Հայաստանին, եւ այդ  խնդիրը լինելու է մեր երկրի առաջադրած ՀԱՊԿ առաջիկա հիմնական մարտավարության եւ գործողությունների հիմքում:
 
Արմեն Վարդանյան
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play